Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի մի փոքր մասն ենք իրացրել. էկոնոմիկայի փոխնախարար
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի 5-րդ գործընկերն է, որի հետ առևտրաշրջանառությունը գերազանցում է 300 մլն դոլարը և հարաբերությունների զարգացման դեպքում այն կարող է կրկնապատկվել: Այս մասին այսօր Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի և Իրան-Հայաստան առևտրի պալատի զարգացման հայկական գործակալության հետ կազմակերպած Հայաստան-Իրան գործարար համաժողովին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արա Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ այս համաժողովը հերթական քայլն է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման և նոր ոլորտներում ձեռքբերումներ ունենալու համար:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որի մի փոքր մասն ենք իրացրել: Հայ-իրանական հարաբերությունները պարբերաբար քննարկվում են հայ-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակում: Ներկայումս Հայաստան են ժամանել իրանցի մոտ 60 գործարարներ, որը շատ լավ առիթ է նոր հարաբերութունների ստեղծման համար»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաև Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղն ու խոսեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ձեռքբերումներից և մատնանշեց այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
«Երկու երկրները փոխադարձաբար համագործակցության լավ պայմաններ են տեսնում՝ ներդրումների, արդյունաբերության, գյուղատնտեսության, անգամ մշակութային, բուհական, բանկային և այլ ոլորտներում: Երկու երկրների իշխանությունների կողմից կա կամք, հարաբերությունները զարգացնելու համար: Ինչ վերաբերում մասնավոր հատվածին, շեշտում ենք, որ ամբողջովին պատրաստ ենք համագործակցել: Ավելի քան 60 գործարարների այցը Հայաստան վկայում է այն մասին, որ նրանք ուզում են համագործակցության եզրեր գտնել հայկական կողմի հետ»,- ասաց նա և հաջորդ համաժողովին, որը տեղի կունենա Թեհրանում հրավիրեց բոլոր հայ գործարարներին:
Յահյա Ալե-Էսհաղը այնուհետև անդրադարձավ համագործակցության խոչընդոտներին և դրանցից, մասնավորապես առանձնացրեց արտոնագրային ռեժիմի առկայությունը երկու երկրների միջև և հորդորեց այն սահմանել ոչ արտոնագրային:
«Մենք մեր հարևան շատ երկրների հետ արդեն ոչ արտոնագրային ռեժիմով ենք աշխատում: Այս հարցում իրանական կողմից խնդիր չկա, մենք սպասում ենք Հայաստանի կառավարության որոշմանը: Այնուհետև գալիս է նախընտրելի տարիֆային խնդիրը, որը կարծում եմ Հայաստանը բարձր է սահմանել Իրանի համար, որի պատճառով բարձրանում է ապրանքների ինքնարժեքը: Այդ տարիֆները 20-30 % են կազմում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ երկու երկրների կողմից էլ դրանք կիջեցվեն համապատասխան փաստաթուղթ ստորագրելուց հետո:
Իրանցի պաշտոնյան առանձնացրեց նաև ապրանքների տարածման խնդիրը և նշեց, որ խնդիրը լուծելու համար Հայաստանում պետք է կառուցվի իրանական առևտրի կենտրոն:
Վերջում երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային հարաբերությունները ընդլայնելու նպատակով, փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։










