ԱՄՆ-ի պետքարտուղարի տան մոտ ձերբակալվել է տեսախցիկով և գազային ատրճանակով տղամարդ
Բոստոնի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը լուսանկարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի տունը։ Այս մասին հաղորդել է գործչի մամուլի քարտուղար Գլեն Ջոնսոնը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ Քերին այցելել է հիվանդանոցում գտնվող իր կնոջը՝ Թերեզային։
Պետքարտուղարության՝ դիվանագիտական անվտանգության գործակալությունից հաղորդել են, որ անհայտ տղամարդը լուսանկարել է Քերիի առանձնատան պատուհանը։ Նրանք դիմել են Բոստոնի ոստիկանություն՝ օգնության համար։
Ձերբակալվածը Բոստոնի 29-ամյա բնակիչ Վլադիմիր Ռոմանովն է։ Նա հայտարարել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տունը լուսանկարել է իր ընկերոջ համար։
Նրա մեքենայում հայտնաբերվել է ոգելիցի բաց շիշ, երեք բջջային հեռախոս, GPS-նավիգատոր և գազային ատրճանակ։ Երիտասարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Ինչպես պարզվել է ավելի ուշ, միջադեպի մեղավորը նաև կասկածյալ է խուլիգանության գործով և վերջերս է ազատ արձակվել գրավի դիմաց։
Նյու Յորքում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացրել են, որ Բոստոնում բնակվող Վլադիմիր Ռոմանովը դժվար թե Ռուսաստանի քաղաքացի լինի, քանի որ ռուս դիվանագետները չեն տեղեկացվել նրա ձերբակալության մասին։










