Հռոմի պապն այցելել է Կաստել Գանդոլֆոյի աստղադիտարան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է իտալական Կաստել Գանդոլֆո քաղաքի Specola Vaticana աստղադիտարան, որը գտնվում է Հռոմից 30 կմ հեռավորության վրա, գրում է РИА Новости-ն։
Այդ մասին հայտնել է աստղադիտարանի տնօրեն, արգենտինացի քահանա Խոսե Գաբրիել Ֆունեսը։
«Հռոմի պապը դիտել է մեր գրադարանի ամենաթանկարժեք գրքերը՝ Նիկոլայ Կոպերնիկի «De Revolutionibus»-ը և Իսահակ Նյուտոնի «De Principia»-ն»,- ասել է քահանան։
Աստղադիտարանում են պահվում տարբեր դարերի աստղադիտական սարքավորումներ, ինչպես նաև երկնաքարերի նմուշներ։ Աշխատակիցները պոնտիֆիկոսին անակնկալ են մատուցել. նրանք ցույց են տվել Բուենոս Այրեսում ընկած երկնաքար։
«Հռոմի պապը հետաքրքրությամբ դիտել է այն մանրադիտակով»,- ասել է աստղադիտարանի տնօրենը։










