Ռուսաստանի հայերի միությունը Հրաչյա Հարությունյանի հարցով հանդիպել է ՌԴ պետական մարմինների և տուժածների հետ

16:48 • 16.07.13

«Ռուսաստանի հայերի միությունը» 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդին նվաստացնելու կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց և պետական համակարգի մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփանականատիրոջ, ավտոբուսի տուժած ուղևորների, ՌԴ-ում Հայաստանի դեսապանատան աշխատակիցների հետ: 


Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Ռուսաստանի հայերի միության» գրասենյակից՝ ի պատասխան գրավոր հարցման:


«Մեր քայլերն ուղղված են վթարի մեղավորի՝ վարորդ Հրաչյա Հարությունյանի անձի շուրջ թեժացած կրքերը նվազեցնելուն: Ինչպես նաև ՌԴ տրանսպորտային ոլորտում աշխատող մեր մյուս հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրությունների տարածման կանխմանը»,- ասված է «Ռուսաստանի հայերի միության» նամակում:


Նշենք, որ Մոսկվայում օրերս խոշոր վթարի պատճառ դարձած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի վիճակի հետ կապված Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան քայլեր ձեռնարկում է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը և ավելացրեց. «Հավելյալ քայլերի ու զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»:


Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայում շաբաթ օրը Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսի, ինչն էլ 18 մարդու մահվան պատճառ էր դարձել: 46-ամյա վարորդին դատարանի դահլիճ էին տարել ծաղկավոր կանացի խալաթով: Տարածված տեսանյութում Հարությունյանը ակնհայտ նվաստացած վիճակում էր և տեսախցիկներից թաքցնում էր դեմքը, գրում է Комсомольская правда-ն։



Հիշեցնենք նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում ՝ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մարդու իրավունքների խախտում ու արժանապատվության ստորացում են որակել հիվանդանոցից տեղափոխված և դեռևս առողջական խնդիրներ ունեցող մարդուն կանացի խալաթով, առանց պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու դատարանի դահլիճ բերելը:


ՌՀՄ գրասենյակը հայտարարում է, որ մինչդատական և դատական վարույթի բոլոր գործողություններն ու միջոցառումները պետք է իրականացվեն ռուսաստանյան օրենսդրության շրջանակներում:



«ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից մեզ տեղեկացրել են, որ իրենք իրենց հերթին ձեռնարկում են քայլեր և ներկա պահին վերահսկողության տակ են պահում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դատավարության ընթացքը»,- հայտնեցին ՌՀՄ գրասենյակից: