«Կներե՛ք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնեինք». պատասխանել են Բոտկինի հիվանդանոցից
ԳԱԼԱ հեռուստաընկերությանը հաջողվել է կապ հաստատել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի հետ, որտեղից փոխանցել են, որ Հրաչյա Հարությունյանն այլևս իրենց մոտ չէ, ուրիշ բուժհաստատությունում է՝ 20-րդ հիվանդանոցում, և խնդրել են զանգահարել այնտեղ: Թղթակիցը փորձել է հետաքրքրվել ավտովթարից տուժած մյուս քաղաքացիների վիճակով ևս, ինչին մեղադրական տոնով պատասխան է տրվել.
«Գիտե՛ք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»,- ասել է հեռախոսազանգին պատասխանած բժիշկը:
ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է նաև ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության իսկությունը՝ թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան հնչել է նման արձագանք.
«Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներե՛ք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես, հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ... ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:
ԳԱԼԱ-ն հաղորդում է, որ զրուցակիցը սա ասել է ծաղրական տոնով, այնուհետ անջատել հեռախոսը` չցանկանալով ներկայանալ:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից Տվերսկի դատարան էին տեղափոխել ծաղկավոր կանացի խալաթով: Երեկ երեկոյան արդեն ռուսական լրատվամիջոցները մեկնաբանել էին, թե կանացի այդ խալաթը հիվանդանոցի հանդերձանքն է:










