2697 տարվա ազատազրկում՝ կապիտանին, այնինչ նա համաձայն է 3,5 տարվա. վերսկսվել է Costa Concordia-ի գործով դատավարությունը
Իտալիայում վերսկսվել է աղմկահարույց դատական գործընթացը, որի գլխավոր գործող անձն աղետյալ Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն է, հայտնում է Al Jazeera-ն:
Իտալական մամուլում «Վախկոտ կապիտան» անվանվող Սկետինոն մեղադրվում է 32 մարդու ոչ դիտավորյալ սպանության և նավից փախչելու համար, իսկ 2012-ի հունվարին տեղի ունեցած նավաբեկությունը համեմատում են «Տիտանիկի» կործանման հետ:
Այսօր վերսկսված դատավարությանը Սկետինոն փորձել է աննկատ մտնել՝ ծառայողական մուտքից, նա չի պատասխանել տասնյակ հարցերի:
Դատախազությունը կապիտանի համար 2697 տարվա պատիժ է խնդրում, մինչդեռ նրա փաստաբանները խնդրում են առաջնահերթ փոխել դատավարության վայրը՝ թատրոնը: Դատավորը մերժում է, քանի որ Գրոսետո քաղաքում դա միակ վայրն է, որը կարող է տեղավորել գործով մոտ 1000 վկաներին:
Աղետից 1,5 տարի անց էլ նավն իր տեղում՝ Ջիլիո քաղաքի առափում է՝ կողաշրջված:
Սկետինոյից բացի, մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեին ևս 5 հոգի, սակայն նրանք ընդունել են իրենց մեղքը և դատապարտվել կարճաժամկետ ազատազրկումների:
Սկետինոն ևս մասամբ ընդունել է մեղքը և ասել, որ համաձայն է 3,5 տարվա ազատազրկման:
Իտալիայում մինչև 4 տարվա ազատազրկումները հաճախ փոխարինվում են տնային կալանքով:
Սկետինոն պատրաստվում է նաև գիրք լույս ընծայել՝ «Ես կապիտան վախկոտը չեմ» վերնագրով:










