Հարյուրավոր այրված տներ, ինքնասպան եղած հայր, փեսայի կասկածելի մահ... Հնդկաստանում ամուսնությունը ողբերգությամբ է ավարտվել

11:52 • 17.07.13

Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում տեղի ունեցած ամուսնությունը ողբերգությամբ է ավարտվել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառն այն է, որ ցածր կաստայի ներկայացուցիչը համարձակվել է ամուսնանալ ավելի բարձր սոցիալական խմբի պատկանող աղջկա հետ։

 

23-ամյա Իլավարասանը, ով պատկանել է Դալիթ կաստային (ամենացածր կաստան է, որի ներկայացուցիչներին չի թույլատրվում անգամ մատով դիպչել) գաղտնի ամուսնացել է 20-ամյա Դիվայի հետ, ով պատկանում է ավելի բարձր՝ Վանիյար կաստային։

 

Երբ ամուսնության մասին հայտնի է դարձել, աղջկա հայրը, չդիմանալով ամոթին, ինքնասպան է եղել, իսկ դալիթներին պատկանող 300 տներ հրկիզվել են։ The Times of India  պարբերականը հայտնել է, որ աղջիկը, իմանալով հոր ինքնասպանության մասին, հաջորդ օրը բաժանվել է դալիթ ամուսնուց։ Դրանից 2 շաբաթ անց Իլավարասանին մահացած են հայտնաբերել երկաթուղու մոտ։

 

Թեև տեղի իշխանությունները պնդում են, որ երիտասարդն ինքնասպանություն է գործել, այնուհանդերձ նրա ընտանիքի անդամները վստահ են, որ տղային սպանել են։

 

Բրիտանական պարբերականը նկատում է, որ այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է Հնդկաստանում առկա լուրջ խնդրի մասին, որը վերաբերում է կաստաների միջև մղվող պայքարին ու դրանց ներկայացուցիչների դեմ կիրառվող բռնություններին։