Հայ վարորդին աջակցող ակցիայի մասնակիցները խալաթ կախեցին ՌԴ դեսպանատան ցուցանակից (լուսանկարներ, տեսանյութ)

17:03 • 17.07.13

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև այսօր Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին դատարան խալաթով բերելու համար կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացրին մի խումբ քաղաքացիներ:


Նրանք հերթական ծաղկավոր խալաթը կախեցին դեսպանատան ցուցանակից և հայտարարեցին, որ խալաթը նախատեսել են ինչպես դեսպանի, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար:


Նշենք, որ ակցիան կազմակերպել է «Հայազն» կուսակցությունը, որի անդամներից Արտեմ Սարգսյանը նշեց, որ եթե ռուսները խալաթը համարում են պետական համազգեստ, ապա կարող են առանց վիրավորվելու կրել այն:


Կուսակցության մամուլի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը այն համոզմունքը հայտնեց, որ հայ վարորդի նկատմամբ Ռուսաստանի ցուցաբերած վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի և ասածը հիմնավորեց «Ռոսիա » հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժով: Նա նշեց, որ եթե պետական հեռուստատեսությունը ռասիստական բնույթի ռեպորտաժ է ցուցադրում, ապա ակնհայտ է, որ ռասիզմը Ռուսաստանում պետականորեն է քարոզվում, ինչը, ըստ նրա, շատ վտանգավոր է:


Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ վերոնշյալ ռեպորտաժում լրագրողը օգտագործելով «վարորդ-մարդասպան» արտահայտությունը և անընդհատ շեշտելով նրա հայ լինելը, կարծես դատավճիռ է ներկայացնում:


Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան առջև էին եկել նախագահ Պուտինի նկարներով, որտեղ վերջինս Հրաչյա Հարությունյանին հագցրած խալաթով է և պաստառի ներքևում գրված է՝ «Это не расизм, простo у нас мода такая»:


Նշենք նաև, որ ակցիայի մասնակիցները բաց նամակով դիմեցին ՌԴ դեսպանին՝ պահանջելով պատշաճ վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացու նկատմամբ: