Կիևում ՀՀ դեսպանատան մոտից հայ աղջիկ են «փախցրել»
Կիևում ՀՀ դեսպանատան մոտակայքում երեկ 16-ամյա աղջիկ են «փախցրել»։ Ինչպես պարզել է segodnya.ua-ն, հայուհի Անյան հոր հետ դեսպանատուն էր գնացել փաստաթղթեր ձևակերպելու։ Նա նստել է շենքի մոտ գտնվող նստարանին և սպասել հորը։ Ականատեսների համաձայն՝ նստարանին է մոտեցել կարմիր «Միտցուբիսի Լանսեր» մեքենան, որից դուրս եկած տղաներն էլ բռնի ուժով մեքենան են նստեցրել աղջկան։
Հայրն աղջկան օգնել չի հասցրել։ «Ես վազում էի մեքենայի ետևից, փորձում կանգնեցնել, բացել դուռը...»,- պատմել է նա։
Ըստ ոստիկանների՝ աղջկան «փախցրել են» տղայի ընկերները։ Հայրն ու դուստրն այդ մասին ոչինչ չեն իմացել, իսկ ահա Անյայի մայրն իմացել է և նույնիսկ օգնել տղայի կողմին, նշել են ոստիկանները։
Իրավապահների խոսքով՝ տղայի ընկերները զանգահարել են Անյայի հորը և ասել, որ աղջկա հետ ամեն ինչ նորմալ է և որ 3 օրից կլինի նրանց հարսանիքը։
Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ամենայն հավանականությամբ առևանգողները չեն պատժվի, «եթե աղջիկը կամ հայրը ոստիկանություն չդիմեն»։
Աղբյուրը հիշեցնում է, որ աղջիկ «փախցնելը» հին հայկական ավանդույթ է։










