Ես ուրախ կլինեմ, որ նա արդարացվի, բայց եթե պետք է պատիժ կրի, ապա գոնե Հայաստանում կրի. Հրաչյա Հարությունյանի դուստրը հոր մասին

12:54 • 17.07.13

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հորից ստացած իրենց տեղեկությունները լիարժեք չեն և հստակ չգիտեն թե որտեղ է հայրը՝ հիվանդանոցում, թե՞ արդեն կալանավայր են տեղափոխել։


«Մեր ունեցած տեղեկություններով նրան կալանավայր են տեղափոխել, բայց դա ոչ ոք չի հաստատել»,- նշեց նա։


«Ես ուրախ կլինեմ, շատ ուրախ կլինեմ, որ նա արդարացվի, բայց եթե պետք է պատիժ կրի, ապա գոնե կրի Հայաստանում»,- իր խոսքը շարունակեց Լիլիթ Հարությունյանը։


Դուստրը չի կարծում, որ հայրը հանցագործ է, ավելին՝ պնդում է, որ հայրն իրեն հերոսաբար է պահել, քանի որ, ըստ նրա, կադրերից երևում է, որ նա ամեն ինչ արել է, որ կանխի վթարը։


«20 տարի է վարում է, երբևիցե չի եղել դեպք, որ ինչ-որ պատահար լինի։ Իր գործում վարպետ է, Երեք ամսով էր գնացել Ռուսաստան, պատահական է մեկնել, հետո այդ կազմակերպության կողմից հրավեր ստացել։ Կազմակերպությունից ոչ մի բան չի ասել, ասել է, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա և ասաց, որ նույնիսկ բարեկամներին թույլ չեն տալիս հոր հետ խոսել։ Լիլիթը պատմեց, որ ռուսաստանաբնակ իրենց հարազատները փորձել են զգեստ տանել, սակայն նրանց թույլ չեն տվել այն փոխանցել Հրաչյա Հարությունյանին։


«Մի քանի անգամ փորձել են հագուստ փոխանցել, չեն տվել, թե ինչու չեն տալիս, չենք հասկանում»,- նշեց նա։


Լիլիթը ներկայացրեց նաև հոր անցած մարտական ուղին, նշելով, որ Արցախյան պատերազմի տարիներին կամավոր մեկնել է ռազմի դաշտ՝ հայրենիքը պաշտպանելու և մեկ ամիս շրջափակման մեջ է մնացել։


«Ազատամարտիկ է եղել 90-ականներին կամավոր գնացել է կռվի։ Հիմա խնդրում եմ ձեզ, երբ հայրենիքը իմ հոր օգնության կարիքն ուներ, նա գնաց այն պաշտպանելու, իսկ հիմա, երբ ինքը դրա կարիքն ունի, խնդրում եմ օգնեք նրան»,- նշեց դուստրը։


Խոսելով հոր նկատմամբ ցուցաբերված նվաստացուցիչ վերաբերմունքի մասին, դուստրը նշեց, որ չի կարող ասել կբողոքե՞ն, թե ոչ։ «Իհարկե ցավալի է հայրիկիս այդ վիճակում տեսնել, բայց մենք ոչինչ չենք կարող անել, իրենք են այդպես գտել։ Չգիտեմ, բողոքելու են, թե ոչ, մենք ցավում ենք զոհերի համար, խոնարհվում նրանց հիշատակի առաջ, բայց պետք է հասկանալ, որ սա դժբախտ պատահար էր, որից ոչ ոք ապահովագրված չէ»,- նշեց նա։


Հրաչյա Հարությունյանի եղբոր տղան՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես ասուլիսին ներկա էր նշեց, որ ինքը, այնուամենայնիվ, քաղաքական շեշտադրում տեսնում է։ «Ամեն օր էլ վթարներ են տեղի ունենում, շենք են պայթեցնում, լսե՞լ եք, որ նման կերպ վարվեն հանցագործի հետ, այն դեպքում, որ նա հանցագործ էլ չի, այլ դժբախտ դեպքի մասնակից։ Ենթատեքստ կա, «մեսիջ», բայց չեմ կարող ասել ինչու»,- ասաց նա։


Ըստ նրա՝ կադրերից դատելով, իր հորեղբոր տեսքը հուշել է, որ նա հոգեկան մեծ ապրումների մեջ է։ «Չի գիտակցում իր հետ ինչ է կատարվում, եթե գիտակցեր հաստատ այդ խալաթը չէր հագնի, ինքը մեծ կամքի ուժ ունեցող մարդ է»,- նշեց նա։