ԼՂՀ նախագահն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի պատվիրակությանը

12:47 • 17.07.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 

Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախին սատարելու և մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարևոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից:
 

Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ և պաշտոնատար այլ անձինք: