Ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել «Տաշիր պիցայի», ԳԱԱ-ի ու մոտ 50 հայկական կայքերի վրա

11:21 • 17.07.13

Ադրբեջանցի համակարգչահենները երեկ գիշեր հարձակում են գործել մոտ 50 հայկական կայքերի վրա, որոնք, սակայն, հիմնականում լրատվական չեն: «Shant TV, Spyur, Sport.am, Meteo-tv, Banker.am, Ակադեմիա ու ևս մի 30 կայք հարևանները «լոմել» են։ Ու, աչքիս, դեռ կշարունակվի խրախճանքը»,- Facebook-ի իր էջում գրառել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Tert.am-ի հետ զրույցում նա հավելեց, որ ջարդված կայքերի թվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի ենթակայքեր, «Տաշիր պիցա» ընկերության, f7 ավիաընկերության և այլ կայքեր: «Հիմնականում սոցիալական նշանակության և ուղղվածության»,- ասաց նա:


Իսկ լրատվական կայքերից հարձակում են գործել Report.am և Yerevannews. am կայքերի վրա։


Գիշերվա ընթացքում հայ մասնագետները վերացրել են հաքերային հարձակման արդյունքները: Ի պատասխան հարցի, թե նման հարձակումների իմաստը ո՞րն է՝ վնաս պատճառե՞լը, թե՞ սպառնալը, Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Ավելի շատ ուժի ցուցադրությունն է ու նաև դրանից հաճույք ստանալը»:


Մեդիա փորձագետը հավելեց, որ, սովորաբար, հայ հաքերները ուժի նման ցուցադրություններին պատասխանում են իրենց ուժի ցուցադրությամբ: