Իսպանիայում ձերբակալվել է Եվրոպայի ամենաշատ հետախուզվող հանցագործներից մեկը
Իսպանիայում ձերբակալվել է Բրայան Քոլին Չարրինգթոնը, ով Եվրոպայում ամենաշատ որոնվող 10 հանցագործներից մեկն է: Բացի այդ նա թմրավաճառքով զբաղվող միջազգային կազմակերպություն է ղեկավարում, հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով EFE գործակալությանը:
Մասնավորապես նշվում է, որ Չարրինգթոնը ձերբակալվել է միջազգային օպերացիայի արդյունքում: Գործողությունների ժամանակ 6 մարդ ձերբակալվել է Իսպանիայում և ևս 7-ը Վենեսուելայում: Գործողությունների արդյունքում կալանավորվել են նաև նրա կինը և որդին, ովքեր պատրաստվում էին ծովային տրանսպորտով կոկաինի նոր խմբաքանակ ուղարկել:
Ձերբակալության ընթացքում Ալիկանտե նահանգում գտնվող Չարրինգթոնի բնակարանից առգրավվել է մոտ 220 կգ թմրանյութ, ինչպես նաև սառեցվել են նրա բանկային հաշիվները, ունեցվածքը և ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 5 միլիոն եվրոն:
Գործողությունները համատեղ իրականացնում էին Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի ոստիկանությունները, ինչպես նաև Ameripol մայրցամաքային ոստիկանական կազմակերպությունը:










