ՌԴ-ի Դաշնային խորհուրդն արձագանքել է Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու ամերիկացի սենատորի կոչին

15:34 • 17.07.13

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդն արձագանքել է ամերիկացի կոնգրեսական Լինդսի Գրեմի այն կոչին, որ Ռուսաստանի կողմից ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու դեպքում Միացյալ Նահանգները պետք է բոյկոտի Սոչիի Օլիմպիական խաղերը, հայտնում է Взгляд-ը։  

 

Մասնավորապես, խորհրդի տեղեկատվական միության զարգացման հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Գատարովն ասել է, որ այդ հայտարարությունը ցեխ է շպրտում Վաշինգտոնի հեղինակության վրա։

 

Ռուս քաղաքական գործչի կարծիքով՝ այս բնույթի հայտարարությունները վկայում են այն մասին, որ «եթե ԱՄՆ-ն հնարավորություն չունի բանակի ու նավատորմի միջոցով ճնշում գործադրել այս կամ այն երկրի վրա, ապա սկսում է քաղաքական հայտարարություններ անել, որոնք վնասում են առաջին հերթին ԱՄՆ-ի հեղինակությանը»։

Այնուհանդերձ, ամերիկացի սենատորի կոչին դրական չեն արձագանքել ԱՄՆ-ի սենատում։