Առևտրային ցանցերը հրաժարվում են վաճառել Ցարնաևի նկարով Rolling Stone-ի համարը

09:38 • 18.07.13

Ամերիկյան մի շարք  առևտրային ցանցեր հրաժարվել են վաճառել հանրահայտ Rollong Stone ամսագրի վերջին համարը, որի շապիկին պատկերված է Ջոխար Ցարնաևը՝ Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացրած չեչեն երիտասարդը։ Ինչպես հայտնում է Лента-ն, հղում կատարելով Associated Press-ին, խոսքը գնում է  մանրածախ առևտրով զբաղվող 5-ից ավելի ցանցերի մասին։

 

Ընկերություններն իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ հարգում են ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը։ Բացի այդ, նրանք մեղադրել են Rolling Stone-ին վատ արարքները փառաբանելու մեջ՝ ընդգծելով, որ երաժշտությունն ու ահաբեկչությունն անհամատեղելի են։

 

Ցարնաևի նկարով շապիկը դժգոհություն է առաջացրել նաև ԱՄՆ-ի իշխանությունների ու շարքային քաղաքացիների շրջանում, որոնց կարծիքով ամսագիրն այդպիսով «գլամուրացնում» է ահաբեկչությունը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ է գնացել 3 մարդ, ևս 250-ը վնասվածքներ է ստացել։