Ադրբեջանը վաղուց է խախտում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը. Դավիթ Ջամալյան

08:53 • 19.07.13

Ադրբեջանը արդեն շատ վաղուց է խախտում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, որը սահմանում է սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թույլատրելի քանակ, Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթի կատարած այն վերլուծությանը, ըստ որի 2012թ. Ռուսաստանից ռազմական տեխնիկա և սպառազինություն գնած երկրների շարքում Ադրբեջանը 5-րդն է:

 

Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հարցի նկատմամբ միջազգային հանրությունն ընդունել է կրավորական կեցվածք: «Գուցե օրինաչափ պետք է համարել այդ կեցվածքը, որովհետև միջազգային հանրություն ասվածը անդեմ մի բան է: Կան տարբեր շահեր ունեցող պետություններ, որոնք սեփական շահադիտական նկատառումներից ելնելով էլ գերադասում են լռել: Այդ պայմանագիրը խախտվում է շատ վաղուց և հերթական անգամ խախտվեց բոլորովին վերջերս»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ընդամենը վերջերս Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել էր շուրջ 1 մլրդ դոլարի հարձակվողական զինամթերք:



Դավիթ Ջամալյանը նշեց, որ ՀՀ դիվանագետներն այս հարցը բազմիցս բարձրացնում են միջազգային տարբեր հարթակներում և հետագայում էլ պետք է բոլոր առիթները օգտագործել՝ այդ պայմանագիրը խախտելու հարցը բարձրացնելու համար:



Դիտարկմանը, թե փաստորեն Ռուսաստանը ևս խախտում է վերոնշյալ պայմանագիրը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ եթե խնդրին այս տեսանկյունից մոտենանք, ապա բոլոր այն երկրները, որոնք սպառազինություն են մատակարարում Ադրբեջանին ակամա նպաստում են, որպեսզի այդ պայմանագիրը խախտվի:


«Մեր օրերում, ցավոք, միջազգային իրավունքը հաճախ է անուժ լինում ազդեցություն ունենալ այն ռազմաքաղաքական զարգացումների վրա, որոնք պայմանավորված են այս կամ այն երկրի պետական շահերով»,- ասաց նա:



Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին պարբերաբար սպառազինում է, Դավիթ Ջամալյանը նշեց, որ ինչպես ցանկացած հայ մարդ, ինքը ևս այդ հանգամանքից ցասում է ապրում, սակայն միաժամանակ կոչ արեց իրատես լինել:


«Հայաստանը անկախ պետություն է: Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, բայց այլ պետություն է, որն իր շահերն ունի: Ու, թեև հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ապագա ունեն, այդուհանդերձ, միամտություն կլինի կարծելը, թե Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի հայաստանակենտրոնության սկզբունքով: Հետևաբար` շատ կարևոր է, որպեսզի հայի ընկալման մեջ Ռուսաստանը դադարի մարմնավորվել իբրև հովանավոր, երկիր, որը անվերապահորեն մեզ միշտ պետք է պաշտպանի»,– ասաց նա:


«Ռուսաստանը գործընկեր է, դաշնակից որի հեռահար ռազմավարական շահերը համընկնում են մեր երկրի հետ, որի հետ կա որոշակի քաղաքակրթական ընդհանրություն, և այդ պատճառով էլ մենք դաշնակիցներ ենք: Բայց Հայաստանը պաշտպանելը հայ մարդու գործն է, և անվերապահորեն հայաստանակենտրոն կարող է լինել միմիայն հայոց պետության արտաքին քաղաքականությունը: Պետք է հիշել նաև, որ միայն ուժեղ լինելով է, որ կարող են հրապուրիչ լինել նաև նույն Ռուսաստանի համար որպես դաշնակից»,– ավելացրեց ռազմական փորձագետը:


Դավիթ Ջամալյանը հորդորեց չթերագնահատել ինքներս մեզ և հասկանալ, որ Հայաստանը պակաս կարևոր չէ Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի համար:


«Ստեղծված նոր իրողությունների պայմաններում հայ–ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգ պետք է բերել Ադրբեջանին վաճառված սպառազինությունից բխող սպառնալիքները չեզոքացնելու հարցը: Հաշվի առնելով հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը վստահ եմ, որ որևէ խնդիր չի առաջանա ասիմետրիկ ռազմավարության սցենարով ձեռք բերել մատչելի, և միևնույն ժամանակ որակյալ և ժամանակակից սպառազինություն»,- ասաց նա և ավելացրեց, որ սա հայ-ռուսական բանակցությունների օրակարգային թեման պետք է լինի: