Եգիպտոսի անվտանգության ուժերը կանխել են պաշտպանության նախարարի դեմ մահափորձերը

15:12 • 19.07.13

Եգիպտոսի ուժային կառույցի բարձրաստիճան աղբյուրների փոխանցմամբ՝ ծայրահեղականները  «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարների աջակցությամբ, նախատեսել են երկու մահափորձ՝ պաշտպանության նախարար Աբդելֆաթթահ աս-Սիսիի դեմ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Այդ կերպ «Մուսուլման եղբայրները» ցանկանում են իշխանության վերադարձնել պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին։
 

Առաջին մահափորձը պլանավորված է եղել Հարավային Սինայում գտնվող Ալ-Արիշ բնակավայրի մոտակայքում՝ մեկ շաբաթ առաջ։


Զինյալները տեղեկություն են ունեցել, որ նախարարն իրավիճակի քննարկման համար լինելու է այդ տարածաշրջանում, սակայն նախարարը չի գնացել, իսկ զինյալները ոչնչացվել են։


Երկրորդ փորձը պետք է տեղի ունենար Կահիրեում՝ նախագահական նստավայրի մոտակայքում, որտեղ նախարարը Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի հետ քննարկվելու էր կառավարության ձևավորման հարցը։ Սակայն ուժային կառույցները տեղեկություն են ստացել նախապատրաստվող հարձակման մասին և կանխել են այն։


Ինքը՝ նախարարը իր դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին լուրը հանգիստ է ընդունել և չի փոխել իր ամենօրյա գրաֆիկն ու հրաժարվել է անձնական թիկնազորն ուժեղացնելուց։