Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք
Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք, որտեղ Պոդոլսկի խոշոր ավտովթարի կասկածյալի հոգեկան առողջության մասին տեղեկանք պետք է տրամադրվի. տեղեկացնում է Комсомольская правда-ն։
Եթե հետաքննությունը միջազգային հարցում իրականացներ՝ ճշտելու համար, թե արդյոք Հրաչյան գրանցված է բնակության վայրի հոգեբույժների մոտ, ապա պատասխան կստանան 6 ամիսների ընթացքում։ Դրա համար էլ որոշվել է փորձաքննություն իրականացնել Ռուսաստանում։
Բացի այդ՝ ավտովթարից հետո Հարությունյանի մոտ ուղեղի ցնցում է արձանագրվել, ինչը վերահսկողություն է պահանջում։
Ավտովթարից հետո՝ ձերբակալված ժամանակ, երբ նրան հաղորդել են զոհերի թվի մասին, Հարությունյանը խոսել է ինքնասպանության մասին։
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ վարորդի հարազատները տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում նա «կոնտուզիա» է ստացել։ Այդ տեղեկությունը ևս քննիչները չէին կարող անուշադրության մատնել։
«Բանտին կից այդ կլինիկայում կան պալատներ՝ հոգեկան խնդիրներով մարդկանց համար, որտեղ նրանք հոգեբույժի հսկողության տակ են լինում։ Հրաչյա Հարությունյանն այժմ գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական պալատում»,- պատմել է նրա փաստաբան Ալեքսանդր Մելցևը։
Պաշտոնյաները նշում են, որ կլինիկա տեղափոխելը չի նշանակում, որ նա ավտոմատ անմեղսունակ կճանաչվի։ Այնտեղ ուղարկվում են բոլոր նրանց, ովքեր հոգեբույժի վերահսկողության կարիք ունեն։ Այցելուների թվում շատ են այն մարդիկ, ովքեր հակված են ինքնասպանության։ Նրան տեղափոխելը սովորական գործընթաց է և առանձնահատուկ ոչինչ չկա։
Հավանաբար Հրաչյա Հարությունյանին սովորական բանտախուց շուտ չեն տեղափոխի։ Բացի ուղեղի ցնցումից՝ վթարի հետևանքով կոտրվել է նրա ձեռքը և այն գիպսի մեջ են դրել արդեն «Բուտիրկայում»։










