Բրազիլիայում Հռոմի պապի անվտանգությունը կապահովի ավելի քան 14 հազար զինվորական
Մոտ 14.300 զինծառայողներ կապահովեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անվտանգությունը՝ հաջորդ շաբաթ Բրազիլիա կատարելիք այցի ընթացքում. հաղորդել է Ռիո դե Ժանեյրոյի ռազմական շրջանի հրամանատարության անդամ, գեներալ Ժոզե Աբրեուն։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ նա ասել է, որ ծովային ուժերի նավերը հերթապահելու են ջրերում՝ Կոպակոբանայի ափերի մոտ, որտեղ Պապը կրոնական արարողության է մասնակցելու, իսկ օդուժի ուղղաթիռները հսկելու են Վատիկանի առաջնորդի շարժը։
Զինծառայողները կշրջափակեն նաև հսկայական հրապարակը՝ Ռիո դե Ժանեյրոյի մոտակայքում, որտեղ Հռոմի պապի մասնակցությամբ արարողությանը պետք է հավաքվի ավելի քան մեկ միլիոն մարդ։
Բացի այդ, հոգևորականի անվտանգությունն ապահովելու հարցում ներգրավվելու է ավելի քան 6000 ոստիկան և բրազիլական հատուկ ծառայությունների աշխատակից։
Հռոմի պապը Բրազիլիա կայցելի հուլիսի 22-28-ը։










