Ըստ ՀԿ նախագահի՝ ուղեվարձը 80 դրամ է, ըստ Նավասարդյանի՝ այո, եթե ուղևորը «շախմատի ձի է» (տեսանյութեր, լուսանկարներ, տարբերակ 3)

11:27 • 19.07.13

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր ժամը 11-ից մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի թանկացման։
 

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով։
 
 



11.58


Տրանսպորտի ուղեվարձի 50%–ով թանկանալու դեմ պայքարող ՀՀ քաղաքացիները եկել էին «Վարո՛րդ, միացիր պայքարին», «Վերջ գծատերերի լպիրշությանը» և այլ պաստառներով:



Նախքան այդ, բլոգեր, «Ժառանգության» անդամ Իզաբելլա Աբգարյանը կանգնեցրեց երթուղային տաքսին, բացեց դուռը և ուղևորներին իրազեկեց ակցիայի մասին և կոչ արեց դուրս գալ և միանալ:


«Քանի որ լռությամբ նրանք որևէ բանի չեն հասնի, որովհետև տանը նստած մնալով իրավիճակ չի փոխվում: Այդ գումարը, որը ավելացել է 50%-ով, թալան է ժողովրդի հանդեպ: Պատկերացրեք մայրը, որը երկու երեխային տանում է դպրոց, պետք է 20 օրվա ընթացքում 6000 դրամ ավել վճարի, քան մինչ այդ»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը և նշեց, որ ինքն, իհարկե, հասկանում է, որ տրանսպորտի պատասխանատուները հասարակական տրանսպորտից չեն օգտվում և իրենց համար միևնույն է՝ ինչքան կթանկանա:



«Բայց մեզ համար միևնույն չէ, և բոլորը պետք է միանան, այս անգամ կանգնենք միահամուռ: Եթե՝ ոչ, ապա վաղը կլինի 300 դրամ, ու էլի պետք է գնան իրենց դառը բախտից ու ճակատագրից բողոքեն»,- ասաց «Ժառանգության» անդամը և հավելեց, որ քաղաքապետարանը ստվերը վերացնելու փոխարեն ավելացրեց այն.«Մենք բոլորս գիտենք, որ ո՛չ կտրոն ենք ստանում վճարման դիմաց, ո՛չ տոմսեր գոյություն ունեն: Պարզ չի, թե ուր են գնում էդ գումարները: Թող դեռ բացատրեն էդ հարյուր դրամն ում գրպանն է գնում»:



Բլոգերը նշեց, որ վարորդները վճարում են ըստ նստատեղերի, բայց երթուղայիններում լինում են կանգնած, կիսանստած ու կիսակքած ուղևորներ:


«Դեռ մի կողմ թողնենք, որ երթուղայինով ուղևորվելը մարդու արժանապատվության խախտում է: Դեռ մեզ պետք է բարոյական վնաս փոխհատուցեն, որ ամեն օր նվաստացնում են»,- ամփոփեց նա և որպես հավելում նշեց, որ քաղաքապետարանի հայտարարությունը, որ թանկացումն անխուսափելի էր, նրանց անկշտության ու ընտրություններին ծախսված գումարների արդյունք է:


Քաղաքապետարանի մուտքի ճակատային մասը ամբողջությամբ շղթայված է «Հրեշտակների» գնդի և այլ ոստիկանական ստորաբաժանումների ոստիկաններով, ովքեր ժամանակ առ ժամանակ բարձրախոսով հայտարարում են, որ բողոքի ակցիա անողները խոչընդոտում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Իսկ հավաքվածները դրան արձագանքում են սուլոցներով կամ դիտարկումով՝ «իսկ դուք խոչընդոտում եք մեր կյանքը»:


Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքը փակած ոստիկաններին հարցնում էին՝ «որ սենց պաշտպանում եք, էդ 150 դրամը վճարելո՞ւ եք, ինչի եք սենց դոշ տալիս»: Մի ակտիվիստ հայտնեց, որ չի պատրաստվում վճարել 150 դրամ, ասաց՝ «տալու եմ 100 դրամ ու իջնեմ»:


Նշենք, որ աստիճանների շուրջ բոլորը սփռված են 20, 50 և 100 դրամանոցներ:
Քաղաքապետարանի մուտքի դռների մոտ մեկ այլ «թեժ» կետ կա. քաղաքացի Անի Կաղինյանին հաջողվել է նստել մուտքի մոտ և պահանջել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ հանդիպում:
 


12.37 


Քաղաքապետարանի աշխատակցի վրա ցուցարարները մանրադրամներ նետեցին


Քիչ անց ներքև իջավ, բայց քաղաքապետարանի շենքից դուրս չեկավ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում ուղղությամբ կոպեկներ էին շպրտվել, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հայտնեց, որ որոշումը հիմնավորված է և դեռ մի բան էլ էժան է սահմանված նոր վճարը:



Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է գնի իջեցումը, նա նշեց, որ ոչ ու ավելացրեց. «Եթե հնարավոր լիներ, էլ ինչի՞ էինք 150 դրամ դարձնում», ապա ավելացրեց, որ դեռ մի բան էլ իջեցրել են տնտեսավարող սուբյեկտների ներկայացրած գինը:



Ինչ վերաբերում է ցուցարարների մի մասի պնդումներին, որ գոնե ուղեվարձը բարձրացնելու դեպքում, որակը բարձրանա, ասաց որ կողմնակից է և ավելացրեց, որ ինքն ամաչում է, որ ամեն օր քաղաքացիներից նամակներ է ստանում, որում գրում են, որ տրանսպորտում դառնում են շախմատի ձի, ինչի համար Հենրիկ Նավասարդյանը ամեն օր վատ է զգում:


«Մեկ դրամի բարձրացումն արդեն բնակչության ոչ նորմալ երևույթ է, չէ՞ որ նրանք մեր քույրերն են, հարազատները և ոչ մեկիս համար դա հաճելի չէ»,- ասաց նա:



Ի պատասխան առաջարկի, թե պատրա՞ստ է նույն բանը ասել ցուցարարներին, քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ առավոտյան պատրաստ էր, բայց հիմա ոչ, քանի որ չի ցանկանում կրքերը նորից բորբոքել: Նա կոչ արեց պատվիրակություն կազմել:



Առաջարկը, որը փոխանցեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը, մարդիկ չընդունեցին և առաջարկեցին, որ «թող ինքը իջնի»: Հենրիկ Նավասարդյանն իջավ ներքև Ստյոպա Սաֆարյանի այն երաշխավորությամբ, որ կրկին կոպեկներ չեն նետվի, սակայն նորից կրկնվեց:



Ցուցարարների մի մասը, սակայն, սաստեցին խոստումը չպահածներին, ասելով որ մենք հայեր ենք: Այս պահին Հենրիկ Նավասարդյանը բացատրություններ է տալիս:

 


13.40

Ըստ սպառողների կազմակերպության՝ ուղեվարձը 80 դրամ է, Հ. Նավասարդյանի՝ այո, եթե ուղևորը «շախմատի ձի» է


«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը իր պնդումը հիմնավորելով մաթեմատիկական հաշվարկներով  Հենրիկ Նավասարդյանին ասաց, որ Ավանից Էրեբունի զանգված միկրոավտոբուսներով 15 մարդ տեղափոխելու դեպքում ուղեվարձը ստացվում է 82 դրամ:


Հենրիկ Նավասարդյանն էլ ի պատասխան նշեց, որ հաշվարկը արված է գերծանրաբեռնված միկրոավտոբուսի համար և ավելացրեց, որ «Դուք եք ասում, որ «մենք դառել ենք շախմատի ձի»:


Բաբկեն Պիպոյանը հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն ընդամենը երեկ երեկոյան է ներկայացրել ուղեվարձի բարձրացման տնտեսական բաղադրիչները, այն դեպքում, երբ ինքը մեկ ամիս շարունակ կոչ է արել հանրային վերահսկողություն սահմանել այդ հարցի նկատմամբ:


Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանի հաշվարկներին ծանոթանալով ինքը տպավորություն է ստացել, որ մեր գծատերերը, ոչ թե բիզնեսմեններ են, այլ առաքյալներ, որոնք մի քանի տարի շարունակ մեզնից ոչ թե վերցրել են 100 դրամ, այլ տվել 50 դրամ:



Նա նաև նշեց, որ գազի սակագնի բարձրացման հետ կապված տնտեսական հիմնավորումը շատ անսպասելի փոխվել է այլ հիմնավորումներով՝ ամորտիզացիոն ծախսեր, մեքենաների, պահեստամասերի և դիզվառելիքի շուկայական արժեքի ավելացում:



Առանձին թեժ բանավեճ ընթացավ այն մասին, թե ինչ ծառայություններ է մատուցում «Երևան-տրանս» կազմակերպությունը, որը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից գանձում է ամսական 16,500 դրամ:



«Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը փոխանցեց, որ մի շարք տրանսպորտային կազմակերպություններ առաջարկում են վերացնել «ռեկետը» և այդ դեպքում իրենք պատրաստ են ժողովրդին սպասարկել 100 դրամով։ Հենրիկ Նավասարդյանն էլ ներկայացնելով, թե ինչ ծառայություններ է իրականացնում «Երևան-տրանսը», նշեց, որ տվյալ 16.500 դրամը ուղեվարձի բարձրացման մեջ ընդամենը կազմում է 0.4 տոկոս:



Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան հայտնեց, որ այո, ունեն լուրջ կասկածներ, որ թանկացումը հիմնավորված չէ, ինչի համար պահանջեց գների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով և արտահերթ նիստ:


Խոսակցության ողջ ընթացքում կողքից մի քանի կանայք բղավում էին՝ «թող քաղաքապետարանը զեղչի, ոչ թե վերջին շապիկը հանեք», մյուս կինը կողքից պատասխանում էր՝ «զատո իրանք կաստյում-շալվարով են»:


Հենրիկ Նավասարդյանի կոչերին՝« հանգիստ»,«հանգիստ» կանայք պատասխանում էին՝ «էդ իրա կյանքն ա հանգիստ, դրա համար ա էդքան հանգիստ»: Ի վերջո, Հենրիկ Նավասարդյանի նյարդերը տեղի տվեցին և նա ասելով, որ բացատրություն չունի տալու, հեռացավ: