Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև սեպտեմբերի 21-ը համազգային հեղափոխության նախապատրաստման կոչ է անում

13:00 • 19.07.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում Հայաստանը առկա կործանիչ վիճակից դուրս բերելու համար մինչև ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը (սեպտեմբերի 21) համահայկական կլոր-սեղան կազմակերպել, որին կմասնակցեն մտաhոգ քաղաքական և հասարակական բոլոր ներկայացուցիչները՝ թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխանությունից։ Ըստ նրա, երկար վերլուծություններից հետո պետք է անցնել համազգային հեղափոխությանը արդեն բուն անկախության տոնին։

«Ես ու մեր ժողովրդի մեծամասնությունը համարում ենք, որ այս իշխանությունը օրենքից դուրս է գտնվում, և դրա վառ ապացույցը այսօրվա սոցիալական վիճակն է՝ արտագաղթը, հայրենակցի պախարակումը, հատկապես ռազմավարական դաշնակցի ԶԼՄ-ներով, գազի թանկացումը, և, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չի։ Չէի ուզենա սա դարձնել ընդդիմություն-իշխանություն բանավեճ, համարում ենք՝ որքան էլ երկար ծածանվի մեր դրոշակը համապատասխան շենքի առաջ, բայց մեր պետականությունը կործանման եզրին է։ Ես կոչ եմ անում մինչև պետության 22-րդ տարեդարձին համազգային, համապետական կլոր-սեղան կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ իր կոչն ուղղված չէ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանությանը, այլ նրանց, ովքեր ունեն պահի գիտակցումը։ «Ես պատրաստ եմ՝ ես էլ չլինեմ, դա պետք է տեղի ունենա։ Ո՛չ այս իշխանությունը և ո՛չ էլ այս ընդդիմությունը այս վիճակում չի լինելու»,- ասաց նա և նշեց, որ բավական շատ հարցեր կան կուտակված։

«Հարցերը կապված են՝ Ասոցացման պայմանագրի ընդունման, Մաքսային միության հակառակ առաջարկի, գազի գնի, ազատամարտիկների խնդիրների և այն ստորացման հետ, որին շարքային հայաստանցին ենթարկվում է թե՛ մեր երկրում, թե՛ մեր երկրից դուրս։ Ժամկետներ դնել չեմ ուզում, բայց կարծում եմ, որ ով պատրաստ է պետք է գիտակցի վիճակի ծանրությունը և վերանայի իր մոտեցումները: Եթե նման պահանջարկ չկա՝ հրապարակային, հասարակական, ես հանրային առաջարկ կանեմ սեպտեմբեր ամսին»,- հայտարարեց նա։

Հարցին, թե սա չի՞ ընկալվի իբրև հերթական բարձրագոչ քայլ՝ հեղափոխություն խոստանալով, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ արտահերթ լուծումներ են անհրաժեշտ։

 

«Արտահերթ լուծում է պետք։ Բարձրագոչ չէ: Ոչ էլ իմ ցանկությունն է հեղափոխությունը, բայց հարցն այսպես թողնել չի կարելի։ Բարձրագոչ կլինի, եթե ամեն մեկը շարունակի քաղաքական կյանքը շարունակել, կարծես ոչինչ չի եղել, իսկ այսպես շարունակել հնարավոր չի։ Ես հասկացել եմ, որ որքանով ես էլ մասնակից լինեմ (ես կլինեմ հրապարակում), ես և «Ժառանգությունը» կասենք՝ թե որն է մեր տեսակետը, բայց քաղաքական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները այս երկար վերանայումներից, վերլուծական հայեցողությունից դուրս գան»,- նշեց նա։