Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան և կհաստատվեն հայրենիքում. Վարչապետ Տիգրան Սարգսյան

14:05 • 20.07.13

Հուլիսի 19-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:
 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները, ինչպես նաև դասավանդող ուսուցիչներ:

Սփյուռքից ժամանած երիտասարդներին և ամառային դպրոցի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը.


«Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք հայրենիքի հետ: Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան և կհաստատվեն հայրենիքում: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը՝ գալով և սովորելով մայրենի լեզուն, ինչը ՀՀ կառավարությունն առաջնային խնդիր է համարում: Պատահական չէ, որ Հանրապետության Նախագահի առաջին քաղաքական նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն էր, որը զբաղվելու է Սփյուռքի հայապահպանության խնդիրներով»:

Հանրապետության վարչապետը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ սփյուռքահայերին մայրենիի դասավանդման գործում առավելագույն ջանքեր ներդնելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ևս շեշտել է, որ ուծացման դեմ պայքարի գլխավոր զենքը մայրենիի ուսուցումն է և հույս հայտնել, որ երիտասարդներն իրենց բնակության երկրներ են մեկնելու նորից Հայրենիք վերադառնալու ակնկալիքով:

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի ուսուցչուհի՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Գալֆայան–Փանոսյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ հայապահպանության, սփյուռքահայերին հայեցի կրթելուն ուղղված այս կարևոր ծրագրի համար:


Ներկաներին իր օրհնությունը բերեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Հակոբյանը:


Սփյուռքահայ երիտասարդները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:
Միջոցառումն ամփոփվել է ավանդական խարույկի շուրջ, ուր մինչև ուշ երեկո ծրագրի մասնակիցները երգել և պարել են: