Մաշտոց-Ամիրյան հատվածում լարված դրություն է. մի կողմում ոստիկաններն են, մյուսում՝ բողոքող ուղևորներն ու վարորդները
լուսանկարը՝ iravaban.net-ի
Այս պահին Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցին հարակից հատվածում լարված իրավիճակ է: Վաղ առավոտից հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ այս անգամ նստելով ուղղակի մայթի ասֆալտին և կից կանգառում կայանող երթուղայինների ուղևորներին կոչ անելով՝ չվճարել 150 դրամ կազմող թանկացած ուղեվարձը:
Երիտասարդ ակտիվիստները փորձում են նաև թռուցիկներ փակցնել՝ 150 դրամանոց ուղեվարձը բոյկոտելու կոչերով, սակայն նրանց շուրջը հավաքված ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ այսպես կոչված, «հրեշտակների գունդը» թույլ չեն տալիս: «Հրեշտակ-ոստիկանները» աչալուրջ հսկողության տակ են վերցրել նաև կանգառում կայանող երթուղայինների աշխատանքը. ոստիկանները ուշի-ուշով հետևում են, որպեսզի հասարակական տրանսպորտից իջնող ուղևորներն անպայմանորեն վճարեն հենց 150 դրամ, և որևէ մեկը չփորձի իրենց ներկայությամբ բոյկոտի որևէ նշան հանդես բերել և խուսափել վճարելումից:
Ոստիկանների գործողություններին զուգահեռ իրենց գործունեությունն են ծավալում նաև ակտիվիստները, որոնց կոչերին ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են միանում: Հարակից շենքերի բնակիչները, սրճարանների, պիցերիաների այցելուները՝ բոլորը դուրս են եկել փողոց և հետևում են ոստիկաններ-ակտիվիստներ թեժ «պայքարին»: Տեղ-տեղ լսվում են կանանց բորբոքված ձայներ. «Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, մենք էլ չենք տալու, ինչքա՞ն կարելի է...»:
Վերջին տեղեկությունների համաձայն, ակտիվիստներին են միացել նաև մի շարք երթուղայինների վարորդներ, որոնց շրջանում էլ սկսվել է գործադուլային շարժում. շատ վարորդներ իրենք էլ բողոքում են վերջին փոփոխություններից՝ պատճառաբանելով, թե առաջ իրենց համար ավելի լավ էր, միևնույն է, այս թանկացումներից իրենք ոչ մի օգուտ չունեն՝ շահողը գծատերերն են, որոնք առանց այն էլ գերշահույթով էին աշխատում:










