Ամերիկահայերը սեպտեմբերի 28-ին քայլելու են` կյանքեր փրկելու համար

10:45 • 20.07.13

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի Նոր Անգլիայի շրջանի (ԱՄՆ, ներառում է Կոնեկտիկուտ, Մեյն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ, Վերմոնտ նահանգները) մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին կանցկացնի թվով երկրորդ՝ «Կյանքի քայլք» խորագրով «քայլաթոնը»:

 
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly պարբերականը, բարեգործական քայլքը մեկնարկելու է Մասաչուսեթսի Վոթերթաուն քաղաքի Հայ կրթական և մշակութային կենտրոնի տարածքից և ավարտվելու է քաղաքի Գլխավոր պողոտայում. մոտ 3,5 կիլոմետր քայլելով՝ ակցիայի մասնակիցները բարձրացնելու են իրազեկության աստիճանը ոսկրածուծի (արյունաստեղծ օրգան, հյուսվածք է, որը գտնվում է ոսկորների ներսում, իսկ դրա մաս կազմող ցողունային բջիջներն արյան բջիջները ձևավորող մասնիկներն են) դոնորներ (նվիրատու) փնտրող հիվանդների մասին և մարդկանց կոչ են անելու դոնոր դառանալ, ինչպես նաև նյութական աջակցություն ցուցաբերել հիմնադրամին:


«Քայլաթոնի ժամանակ արվող յուրաքանչյուր քայլը հույս է առաջացնում, որ լեյկոզ կամ կյանքին սպառնացող արյան այլ հիվանդություն ունեցող հիվանդների համար կգտնվի երկար սպասված ոսկրածուծը,- հայտարարել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Ֆրիդա Ջորդանը և ավելացրել,- Հայ ժողովրդի եզակի գենետիկան չափազանց դժվարացնում է Ոսկրածուծի դոնորների միջազգային ռեեստրում համապատասխան դոնոր գտնելու հնարավորությունը, և այս տեսանկյունից Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի տվյալների բազան կենսական աղբյուր է»:


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի Նոր Անգլիայի մասնաճյուղի տնօրեն Ալվարդ Բադալյանն էլ ամերիկահայերին կոչ է արել հնարավորինս աջակցել ակցիային՝ գիտակցելով, որ ձեռնարկած յուրաքանչյուր քայլ կարող է կյանք փրկել:


«Քայլելով, կամ «Կյանքի քայլք» ակցիային նյութական օժանդակություն ցուցաբերելով Դուք կարող եք փոխել ինչ-որ մեկի կյանքը, ուստի մենք հայ համայնքին կոչ ենք անում աջակցել այս միջոցառմանը»,-նշել է նա:

 

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2 000թ. դեկտեմբերին, Հայաստանում: Նպատակն է Երևանում ստեղծված ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով լեյկիմիա և արյան այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար աշխարհի տարբեր անկյուններից ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնել:


Ըստ հիմնադրամի կայքի, լեյկեմիայի կամ այլ արյան հիվանդությամբ ախտորոշվածների միայն 25 տոկոսը կարող են համապատասխան դոնոր գտնել իրենց ազգականների շրջանում… Իսկ հիվանդին առողջ ցողունային բջիջ կամ ոսկրածուծ տալու համար պետք է, որ նա և դոնորը գենետիկորեն 100 տոկոսով համընկնեն: