Բելգիայի նոր թագավորը ստանձնել է գահը
Բելգիայի նոր թագավոր Ֆիլիպն այսօր սահմանադրական երդում է տվել՝ երկրի ղեկավարի և թագավորության գլխավոր հրամանատարի պաշտոնի համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նրա թագավոր հայրը՝ Ալբերտ երկրորդը հրաժարվել էր գահից՝ հօգուտ ավագ որդու։
«Երդվում եմ հետևել Սահմանադրությանը, բելգիացի ժողովրդի օրենքներին, պահպանել ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է արքայազն Ֆիլիպը և դարձել Բելգիայի 7-րդ միապետը։
Նրա երդմնակալության արարողությանը մասնակցել են 218 բելգիացի պաշտոնյաներ, թագավորական ընտանիքի անդամներ, բազմաթիվ հյուրեր՝ ներառյալ Եվրոպական Միության կառույցների ղեկավարներ։
Ելույթում, որը նոր թագավորն արտասանել է ֆրանսերեն և հոլանդերեն, նոր միապետը վստահեցրել է, որ ծառայելու է բելգիացիներին և աշխատելու է կառավարության հետ՝ հետևելով սահմանադրությանը։
«Կեցցե Բելգիան»,- ասել է թագավոր Ֆիլիպն ու ավարտել ելույթը՝ ծափահարությունների ներքո։










