Հալեպում ռումբի պայթյունից հայ կին է վիրավորվել

08:34 • 22.07.13

Սիրիայի Հալեպ քաղաքում ռումբի պայթյունից հայ կին է վիրավորվել, այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որին լուրը փոխանցել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը։

 

Վիրավորված կինը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: «Հալեպի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ հայկական, շարունակվում են ռումբերի պայթյունները»,- ասել է Պողիկյանը:
 

Նա նաև տեղեկացրել է, որ Հալեպի շրջափակումը ճեղքած է: «Անցած շաբաթ Հալեպի շրջափակումը որոշ չափով ճեղքվեց, երբ պետական մարմինների ջանքերով դեպի Հալեպ անվտանգ ուղի բացվեց սննդամթերքի փոխանցման համար: Անցնող շաբաթվա ընթացքում Հալեպ հասան բանջարեղենի տարբեր տեսակներ պարունակող բեռնատարներ, ինչպես նաև մեծ քանակությամբ վառելանյութ»,- տեղեկացրել է Զարմիկ Պողիկյանը:
 

Նրա փոխանցմամբ տեղական լրատվական աղբյուրները հաղորդում են, թե մեկ ու կես միլիոն լիտր մազութ և բենզին է հասել Հալեպ, ինչպես նաև հաստատվել է, որ Հալեպի մի քանի փռեր, ծառայողական հաստատություններ, փոստեր, հիվանդանոցներ և նահանգային վարչությունն ապահովված են այդ նյութերով:
 

«Ութ ամիս փակ մնալուց հետո քաղաքում վերջին օրերին բացվել են 5 բենզալցակայան, որտեղ բենզինը վաճառվում է ընդունելի գնով: Մի քանի օր է՝ այդ բենզալցակայանների մոտ հերթի են կանգնել ավտոմեքենաները: Պետական մի շարք փռեր ևս սկսել են գործել 24 ժամյա գրաֆիկով և հարմար գնով հաց են մատակարարում բնակչությանը»– ասել է նա: