Հայաստանը տարածաշրջանի ամենանորարարական երկիրն է. հրապարակվել է Global Innovation Index 2013 զեկույցը

11:05 • 22.07.13

Քորնելի համալսարանը, Բիզնես ադմինիստրացիայի եվրոպական ինստիտուտը (INSEAD) և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել են համատեղ կազմած The Global Innovation Index 2013 (GII) ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը վերաբերում է տնտեսությունում նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմանը։


Մասնագետները նշում են, որ թեև 2013թ. առաջին կեսում նկատվել է տնտեսական աճ, սակայն գլոբալ տնտեսական վերականգնման ցուցանիշները չեն արդարացրել իրենց սպասումներն ու կանխատեսումները։ Տնտեսական աճը զարգացող ու բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների համար շարունակում է  անհավասարաչափ  բաշխված լինել։ 

 

Զեկույցի հեղինակները գտնում են, որ նորարարությունների կիրառման արդյունքում զարգացած և զարգացող երկրներում տեղի է ունենում տնտեսական աճ, բարգավաճում, սոցիալական փոփոխություններ, նոր աշխատատեղեր են ստեղծվում, ինչպես նաև կայուն հիմք է կառուցվում երկրի ապագայի համար։

 

Վարկանիշային աղյուսակում ներառվել է 142 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը, որը զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։ Նման զարգացման պատճառ է նշվում պետական կառույցների աշխատանքը, գիտելիքները, ենթակառուցվածքները, գլոբալ շուկաների հետ ինտեգրացիան ու կապերը տնտեսվարողների հետ։

 

Հարկ է նշել, որ Հայաստանը տնտեսության ոլորտում գործած նորարարությունների առումով  առաջ է անցել տարածաշրջանի մնացած երկրներից։ Օրինակ՝ Ռուսաստանը գտնվում է 62-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 68-րդում, Վրաստանը՝ 73-րդում, Ադրբեջանը՝ 105-րդում, Իրանը՝ 113-րդում։

 

Ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակի առաջատարին, ապա այդ երկիրը Շվեյցարիան է, որին հաջորդում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Դանիան, Իռլանդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Եմենը։