Անիի նախկին ոստիկանապետը հաղորդում է տվել Վ. Ղուկասյանին ուղեկցողներից մեկի կողմից իրեն ծեծելու մասին
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, որը գտնվում էր հիվանդանոցում, հուլիսի 20-ին Ոստիկանություն հաղորդում է տվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ իրեն ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Այս մաիսն Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Սամվել Սարգսյանի հաղորդումը վերաբերում է ոչ թե Վարդան Ղուկասյանի, այլ նրան ուղեկցող անձանցից մեկից բռնություն ենթարկվելուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանը դուրս էր հրավիրել լրագրողերին, ինչից հետո հաղորդվել էր, որ Սամվել Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց:
Ընթացքի մեջ է Շիրակի մարզային քննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութերի նախապատրաստումը:










