‪ԲՀԿ պատգամավորը միացավ «Կարգին» Հայկոյի, Փաշինյանի և մյուսների «Չեմ վճարելու 150 դրամ»‬ ակցիային (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 22.07.13

«Չեմ վճարելու 150 դրամ»‬ ակցիան մայրաքաղաքի կենտրոնական կանգառներում այսօր էլ շարունակվում է և նոր թափ ստանում։ Այսօր երիտասարդները ոչ միայն ուղևորներին զգուշացնում էին, որ 150 դրամ չվճարեն, այլ մեքենաներ էին կանգնեցնում և համաձայնություն ստանալով վարորդներից նույն ուղղությամբ գնացող մարդկանց անվճար ճանապարհում էին։
 

Մեքենաներրից մեկը ով կանգնել և պատրաստ էր երկու ուղևոր տանել Կոմիտաս, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էր։ Ակտիվիստները բարձրաձայնում էին. «ժողովո՛ւրդ, ով ա ուզում պատգամավորի մեքենայով անվճար Կոմիտաս բարձրանալ»։ Երկու քաղաքացի անմիջապես նստեցին պատգամավորի մեքենան։

ԲՀԿ պատգամավորը միակը չէր, այլ վարորդներ նույնպես կանգնում էին, համաձայնություն տալիս միանալ ակցիային և ուղևոր տեղափոխում այն ուղղությամբ, որտեղ գնում էին։

Նշենք, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Երեկ Հայկ Մարությանի («Կարգին» Հայկո), Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ սկսվել էր անձնական մեքենաներով ուղևորների անվճար տեղափոխումը մայրաքաղաքի տարբեր ուղղություններով ակցիան։ Նրանց են միացել այսօր նաև «Կենտրոն» հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, ԱԺ «Հազ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և այլոք։