Այս թանկացումը ինքնին ճգնաժամ է տնտեսության մեջ. Բագրատ Ասատրյան

14:48 • 22.07.13

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր իշխանությունն ապացուցեց, որ սուտ էր խոսում, երբ ասում էր, թե գազն ու տրանսպորտը չեն թանկանա, ապա ավելացրեց, որ այս թանկացումը ճգնաժամ է տնտեսությունում:

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ թանկացումը անհամաչափ է և ոչ մեկ իրավունք չուներ 50% թանկացնել: «Ոչ մեկ չի ասում, որ ընդհանրապես թանկացումներ չեն լինելու, բայց ոչ 50%: Սա ինքնին ճգնաժամ է տնտեսության մեջ»,- ասաց նա:

«Առավոտյան մեքենայով իջնում էի, երթուղայինները խցկված էին: Առավոտվա ժամերին երթուղայինների մեջ մոտ 25 մարդ է տեղավորվում: Տրանսպորտի հետ այն ծախսերը, որ ներկայացրել է քաղաքապետարանը, աբսուրդ է և չի կարող համապատասխանել իրականությանը»,- ասաց նա:

«Գծատերերը ամեն ինչ անելու են, որ իրենց գերշահույթները չպակասեն»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և ավելացրեց, որ ստվերային շրջանառությունը հավասար է այն թվերին, որոնք պաշտոնապես ցույց են տրվում:

Ասուլիսին ներկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ասաց, որ ամբողջ աշխարհում տնտեսական զարգացումը տանում է ծառայությունների ու ապրանքների թանկացման, սակայն ՀՀ-ում թանկացումների պատճառն այն է, որ ցանկացած ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները  գերշահույթ հետապնդեն, և դա հոգեբանություն է դարձել:


«Մարդիկ չենք կարողանում պատկերացնել, որ կարող է այդ գերշահույթը նվազի, ինչի ապացույցն են այսօրվա թանկացումները»,- ասաց նա: