Յուրաքանչյուր երկիր ԵՄ-ի հետ իր տեքստն է բանակցում. եթե նույնը լիներ էլի ինչի՞ ենք բանակցում. ՀՀ փոխարտգործնախարար
ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինա-Հայաստան զուգահեռներին, նշել է, որ յուրաքանչյուր երկիր ԵՄ-ի հետ բանակցում է, այսպես կոչված, իր ազգային տեքստը:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՌԴ նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշել էր, որ բավականաչափ իրազեկված չէ Հայաստանի ԵՄ-ի միջև նախաստորագրվելիք համաձայնագրի բովանդակությունից, բայց գիտի, որ, օրինակ` Ուկրաինայի ու ԵՄ-ի հետ նմանատիպ համաձայնագրում, որին քաջատեղյակ է, կան անվտանգության և պաշտպանական ոլորտներում համատեղ ջանքերի, դրանց միավորման մասին կետեր:
- Պարոն Մնացականյան, կարո՞ղ եք ասել, որ Ուկրաինայի հետ ԵՄ համաձայնագրում կան կրկնվող կետեր, քանի որ անընդհատ զուգահեռներ են տարվում Ուկրաինայի հետ, որը, ի տարբերություն մեզ ոչ թե նախաստորագրում է, այլ ստորագրում:
- Յուրաքանչյուր երկրի հետ բանակցվում է առանձին համաձայնագիր և բովանդակությունը բնականաբար տարբեր է: Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսից, և ավելի քան երեք տարի է մենք բանակցային գործընթացում ենք: Հայաստանը իր տեքստն է բանակցում՝ իր շահերին և մոտեցումներին համապատասխան: Եթե տեքստերը նույնը լինեն, էլ ինչի՞ ենք բանակցում:
-Կարո՞ ղ եք նշել մի շարք ուղենշային մոտեցումներ, բացի հայաստանյան օրենսդրական դաշտը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելուց: Գաղափարաքաղաքական ի՞նչ բաղադրիչներ կան:
- Համաձայնագիրը խարսխվում է Հայաստանի և ԵՄ միջև գոյություն ունեցող ամուր կապերի և ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի խրախուսել սերտ համագործակցություն` հիմնված հավասար գործընկերության վրա:
Ասոցացման համաձայնագիրը նպատակ է ունենալու խորացնելու ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները մի շարք ոլորտներում: Այն կներառի, մասնավորապես, ժողովրդավարության, տնտեսական ու առևտրային, տեղաշարժի, մարդու իրավունքների, արդարադատության, և տարբեր ոլորտային բնագավառներում փոխադարձ համագործակցության ուղենիշներ:
- Կա՞ն համաձայնագրի տեքստում դետալներ, որոնք ճշտվում են, շտկվում են, որոնց հայկական կողմը կամ եվրոպական կողմն է ինչ-որ առաջարկներ անում, լրացումներ կատարում:
- Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացն ինչպես ասեցի գտնվում է ավարտական փուլում և բնական է, որ որոշակի դրույթներ կարող են շտկվել: Բացի այդ, «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին» Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, սակայն ունի իր առանձին բանակցային ձևաչափը: Դրա շուրջ բանակցությունները դեռևս ընթանում են , և շուտով հուսով ենք կարող են վերջնականացվել: Բացի այդ, կան նաև որոշ տեխնիկական և իրավական բնույթի հարցեր, որոնք շտկման, ձևավորման կարիք ունեն:
-Պարո՛ն Մնացականյան, Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ այդ համաձայնագրին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսական ինքնիշխանությունը տնտեսական որոշումներ ընդունելու հարցում:
- Համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև է, և Հայաստանը բանակցում է որպես ինքնուրույն կողմ և ոչ մի կերպ չի կարելի ասել, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, ներառյալ տնտեսականը: Ինչպես ասում են նման դեպքերում՝ «պետք չէ սև կատու որոնել մութ սենյակում, մանավանդ, որ նա այնտեղ չկա»:
- Ըստ ընթացակարգերի՝ փուլերի ինչ հերթագայություն է նախատեսվում:
- Նման համաձայնագրերը, սովորաբար, նախաստորագրվում են, ինչն արձանագրում է բանակցությունների ավարտը, այնուհետև պատրաստվում են ստորագրման, որից հետո մուտք է գործում վավերացման փուլ` յուրաքանչյուր կողմի համար` համապատասխան ազգային ընթացակարգերի համաձայն:
- Պաշտոնական Երևանը նախատեսո՞ւմ է համաձայնագրի տեքստի քննարկում քաղաքական ուժերի հետ՝ հասարակական լսումների տեսքով:
– Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ պարբերաբար քննարկումները շարունակական բնույթ են կրում:










