«Չենք վճարելու 150 դրամ» ակցիան շարունակվում է. մասնակիցները ստորագրահավաք են սկսել

21:56 • 23.07.13

news.am-ը հայտնում է, որ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր կանգառներում բողոքի ակցիա էին անցկացնում՝ ուղևորներին հորդորելով վճարել 100 դրամ, օրվա վերջում վարորդներին սկսեցին կոչ անել, որ դիմեն գործադուլի: Ժամը 20.00-ից տարբեր կանգառներում հավաքված ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պուրակ՝ միմյանց հետ ծանոթանալու համար, որտեղ էլ, քննարկելով հետագա անելիքները, շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, իսկ այնտեղից էլ դեպի Մաշտոցի պողոտա:

 

Ակցիայի մասնակիցները ուղևորներին կոչ էին անում վճարել 100 դրամ, իսկ վարորդներին՝ դիմել գործադուլի:

 

1in.am-ը գրում է, որ Հյուսիսային պողոտայում անցկացվում է ստորագրահավաք: Այն քաղաքացիները, ովքեր ստորագրում են այդ ձևաթղթի տակ, դեմ են տրանսպորտի թանկացմանը: Փողոցներում վարորդներն ազդանշաններով ջերմորեն ողջունում են ակտիվիստներին: Ակցիայի մասնակիցներին ողջունում են նաև երթուղայինների ուղևորները: Քաղաքում ևս անցորդները ողջունում են՝ «ապրեք երեխեք ջան, շատ լավ բան եք կազմակերպել» բառերով: Այս պահին ստորագրահավաքը շարունակվում է, ստորագրում են նաև պատահական անցորդները: