Ասոցացման համաձայնագիրը կերպարանափոխված հայ-թուրքական հաշտեցման համաձայնագիրն է. Դավիթ Հակոբյան
Ասոցացման համաձայնագիրը դա մոդիֆիկացված, ձևափոխված ու կերպարանափոխված հայ-թուրքական հաշտեցման երկրորդ համաձայնագիրն է: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա ներողություն խնդրեց ՀՀ նախագահից և նշեց, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա չէր ստորագրի նման համաձայնագիր:
«Այդ համաձայնագիրը դիվանագիտական ծուղակ է: Ասոցացման համաձայնագրի մեջ միայն երկու բառ է նշվում՝ Թուրքիայի հետ սահմանները բաց կանենք, առևտուր կանենք: Բա, ուստա, մինչև առևտուրը պետք է ապրանք արտադրենք: Բայց էդ կարևոր չի: Սահմա՛նը բացենք: Այդ Եվրոպայի ո՞ր արժեքային համակարգն ենք ինտեգրում՝ անառակաբարո բարքե՞րը, թե՞ աշխատուժի վճարման կարգերը: Էդ ինչի՞ չեն ասում՝ ո՛չ թե դատական համակարգը հարմարեցրեք մեզ հետ, այլ աշխատուժի վճարման համակարգը»,- ասաց մարքսիստը:
Նա ընդգծեց, որ մինչև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցը պետք է դրվի համաժողովրդական քննարկման: Նա ընդգծեց, որ իրականում բոլորի համար անհայտ է, թե այն ինչ կետեր է պարունակում:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Դավիթ Հակոբյանը նշեց, որ վերջինս վերջին ամիսներին Հայաստանին միանգամից երեք ապտակ հասցրեց.
«Մեկը որ Լավրովը ասեց՝ հանձնեք 5 տարածքներ, երկրորդը՝ ռազմական տեխնիկան, որ վաճառեց Ադրբեջանին, իսկ երրորդն էլ՝ հայ վարորդի նսեմացումն էր դատարանում: Բայց ես՝ որպես սովետական բանակում ծառայած սպա, շատ լավ գիտեմ, որ նորագույն վերջին տեխնիկան տալուց հետո առնվազն մի քանի տարի պետք է դրանց տիրապետող զինվորներ պատրաստելու համար: Նման մասնագետներ Ռուսաստանը դեռևս Ադրբեջանին չի տվել ու սպասում են մեր արձագանքներին»,- ասաց նա:










