Քաղաքական ուժերը փոխանակ հետևություններ անեն, քաղաքական դատարկ էրոտիկայով են զբաղված. Դավիթ Հակոբյան
Տրանսպորտի թանկացման դեմ փողոցում ընթացող պայքարը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը համարեց մերկանտիլիզմ և նշեց, որ մենք օրական մի շարք տեղերում կորցնում ենք 50 դրամներ, բայց, չգիտես թե ինչու, այսօր դուրս ենք եկել տրանսպորտի ուղեվարձի համար ավելացված 50 դրամի հետևից:
«Ինչքա~ն հիսուն դրամներ ենք մենք վատնել շաքարավազ գնելիս, ամեն օր հիսուն դրամ ենք թողնում հացի միավորի մեջ, ինչքա~ն վատնել ենք ինֆորմատիկայի վրա, հեռախոսները լիցքավորելու համար, բայց տրանսպորտի սակագների հարցում Սասունցի Դավթի համբերության թասը լցվեց: Քաղաքական ուժերը փոխանակ լուրջ հետևություններ անեն 50 դրամի ավելացումից, քաղաքական դատարկ էրոտիկայով են զբաղված»,-ասաց նա:
Մարքսիստը տարօրինակ համարեց, որ այսօր խոսվում է հարցի շուրջ քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստ հրավիրելը: Ըստ նրա՝ պետք է խորհրդարանական արտահերթ նիստ հրավիրվի:
«Հինգ տարի շարունակ ասում ենք նոր տնտեսական քաղաքականության անհրաժեշտության մասին, որն այդպես էլ մնաց իշխանությունների ուշադրությունից դուրս: Տրանսպորտի շուկան այսօր մենաշնորհային է: Պետք է գլխատել տզրուկային կապիտալը, բայց նրանք հակառակը՝ ուռճացնում են»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ ներկա տնտեսական քաղաքականությունից՝ կրախից դուրս գալու միակ ճանապարհը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, որը, ըստ նրա, պետք է տեղի ունենա նոյեմբերի 29-ը:










