Ոստիկանությունից ազատ է արձակվել 6 ակտիվիստ (թարմացվում է, տարբերակ 9, ֆոտո, վիդեո)
«Վճարիր 100 դրամ» բողոքի ակցիան այս պահին շարունակվում է Երևանի քաղաքապետարանի առջև։ Մոտ 200 ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկանները և չեն թողնում ակցիան իրականացնել քաղաքապետարանի մուտքի մոտ։
Բացի այդ, քաղաքապետարանում շատրվաններն են միացրել ու երթևեկելի մայթն ամբողջությամբ թաց է, և ցուցարարները խոտերի մեջով էլ չկարողանան անցնել։
Ակցիան դեռ չսկսած մի քանի ցուցարարի արդեն ոստիկանական բաժին էին տարել, ինչպես ոստիկաններն են ասում՝ հասարակական կարգը խանգարելու համար։
Ակցիայի սկզբում նաև վիճաբանություն սկսվեց ոստիկանների և ակտիվիստների միջև։ Պատճառն այն էր, որ ըստ ակտիվիստի, ոստիկանն իրեն սեռական բնույթի հայհոյանք էր տվել։
Այս պահին մասնակիցները կանգնել են և չգիտեն ինչպես շարժվել, քանի որ բոլոր կողմերից ջուրը խանգարում է։ Ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։
11.57
Ցուցարարները փակել են Գր. Լուսավորիչ փողոցը և վարորդներին կոչ են անում գործադուլ անել
Ցուցարարները փակել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը և վարորդներին կոչ են անում գործադուլ անել և միանալ իրենց։ Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը՝ կոչ անելով ազատել այն։
Մինչ ոստիկանները փորձում էին փողոցը բացել, մյուս կողմում բացվեց քաղաքապետարանի առջև ցույց անելու հնարավորությունը և ցուցարարները փորձեցին գնալ այնտեղ։
Այդուհանդերձ, ոստիկանները խոչընդոտում են ցուցարարներին առաջ շարժվել դեպի քաղաքապետարան։ Իրավիճակը լարված է։
Ոստիկանները բերման են ենթարկել նաև այլ ակտիվիստների, այդ թվում Վիլեն Գաբրրիելյանին, ով համացանցում հանդես է գալիս «Նավակ Ճոճող» անվամբ։ Ցուցարարները արդեն հասել են քաղաքապետարանի մոտ և վանկարկում են՝ «ա-մոթ», «ա-մոթ»։
12։51
Ակցիայի մասնակիցները, որոնց թիվն ավելացել է և կանցնի 500-ը գնում են Ոստիկանության կենտրոնի բաժին, որպեսզի պահանջեն ազատ արձակել բերման ենթարկված 4 ակտիվիստներին։
13.49
Ցուցարարները Կենտրոնի ոստիկանության դիմաց պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին
Ցուցարարները հասել են Կենտրոն ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ, որտեղ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։
Ոստիկանները պատ են կազմել և չեն թողնում առաջ շարժվել, հրմշտոց է սկսվել։ Տեղում ուժի կիրառմամբ բաժին են տարել նաև ակտիվիստներից Արեգ և Սարգիս Գևորգյաններին։
Այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում ասեց ակտիվիստների դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի։
13.59
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օգտագործել է իր պատգամավորական լիազորությունները և նրան թույլատրել են մասնակցել քննարկմանը՝ ակտիվիստներին ազատ արձակելու համար։
Այս պահին դեպքի վայրում են Երևանի ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանը, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը և այլք։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ խոսել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ, ով նշել է, որ իրենց տեղեկություններով ժամը 14։30-ին ազատ կարձակվեն առավոտյան բաժանմունք բերվածները։
Ակցիայի մասնակից Թաթուլ Շահբազյանն էլ նշեց, որ խոսել է բերման ենթարկված ընկերոջ՝ Դավիթ Թովմասյանի հետ, ով նշել է, որ 4 հոգով նստած են ճաղավանդակներում և ոչ ոք չի մոտենում և չի բացատրում, թե ինչու են իրենց բերման ենթարկել։
Այս պահին Դավիթ Թովմասյանն արդեն անհասանելի է։
14։49
Ցուցարարները հիմա շրջանաձև նստել են գետնին և սպասում են իրենց ընկերների ազատ արձակմանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 15։00-ին լրանում է առաջին ակտիվիստին բերման ենթարկելու պահից հաշված նրա կարգավիճակի որոշման հարցը։ Եթե նրա դեմ մեղադրանք չլինի, ազատ կարձակվի։
Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին այնտեղ է գտնվում նաև ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
15.09
Ակտիվիստներից 2–ն ազատ արձակվեցին
Քիչ առաջ տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից երկուսն ազատ արձակվեցին: Նրանք բերման էին ենթարկվել տնից՝ նախորդ օրվա բողոքի ակցիաների պատճառով։
Մաքսիմ Սարգսյանին տնից բերման էին ենթարկել Արաբկիրի ոստիկանական բաժին, հետո տեղափոխել Կենտրոն՝ պատճառաբանությամբ, որ ինքը ոստիկան է ծեծել։
Ինքը, սակայն պնդում է, որ երախտագիտության է արժանացել՝ ոստիկանների հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելու համար։
Սամվել Խաչատրյանին բերման են ենթարկել տնից, երբ քնած է եղել։ Նրան նույնպես նախորդ օրվա դեպքերի հետ կապված են բերման ենթարկել։ Նա պնդում է, որ ներկա է եղել, սակայն դեպքերի հետ կապ չի ունեցել։
Ակտիվիստները սպասում են մյուսների ազատ արձակմանը։ Նորանոր մարդիկ են միանում ակցիային։
15.15
Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ է արձակվել ևս մեկ ակտիվիստ։ Վահե Մելքոնյանին այսօր բերման էին ենթարկել քաղաքապետարանի առջևից՝ դարձյալ երեկվա դեպքերի հետ կապված։ Նրան մեղադրել են ոստիկանի ծեծելու համար։
Ակտիվիստը, սակայն, նշում է, որ երեկվա ակցիային առհասարակ չի մասնակցել և հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա են հենց իրեն բերման ենթարկել։
15.32
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից ազատ են արձակել ևս երեք ակտիվիստի՝ Արեգ և Սարգիս Գևորգյաններին, նաև Վիլեն Գաբրիելյանին։
Վերջիններս տեղեկացրել են, որ բաժնում դեռևս էլի բերման ենթարկվածներ կան։ Ընդհանուր արդեն ազատ են արձակել թվով 6 ակտիվիստի։










