ԲՀԿ-ին հետաքրքրում են ոչ թե ինքնանպատակ քննարկումներ, այլ կոնկրետ քայլեր. Տ. Ուրիխանյանը համահայկական կլոր-սեղանի մասին

08:56 • 23.07.13

Հայաստանը ներկա իրավիճակից դուրս բերելու նպատակով մինչև ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը (սեպտեմբերի 21) համահայկական կլոր-սեղան կազմակերպելու՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ողջունում, քանի որ նրանց հետաքրքրում են ոչ թե ինքնանպատակ քննարկումները, այլ կոնկրետ գործողությունները, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։


ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ ինքը նման քննարկումները համարում է ինքնանպատակ և ավելացրեց, որ թե՛ կուսակցության և թե՛ հայաստանցիների համար քննարկումներն առաջանային չեն։


«Մենք բազմիցս ասել ենք, որ պարզապես ինքնանպատակ քննարկումները մեզ համար առաջանային չեն, ավելի ճիշտ ոչ միայն մեր, այլ մարդկանց՝ հայաստանցիների համար։ Նրանք, ովքեր ունեն կոնկրետ, տեսանելի խնդիրներ, նրանց առաջին հերթին հետաքրքրում են ոչ թե քննարկումները՝ ինքնանպատակ դարձած, այլ կոնկրետ գործողությունները»,- ասաց նա և հավատացրեց, թե ԲՀԿ-ն հենց այդպես էլ անում է։


«ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նույնիսկ այս ամառային օրերին զբաղված է հենց նման խնդիրների լուծումներ գտնելով, այդ թվում վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացած սոցիալական խնդիրների հարցով»,- նշեց նա։


Հարցին, թե այսինքն, ըստ ԲՀԿ-ի, միասնական քննարկումներն անարադյունավե՞տ են, Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց. «Ես նման կարծիք չհայտնեցի, ես ասացի, որ ինքնանպատակ քննարկումները երկրորդական են՝ համեմատ կոնկրետ գործողությունների»։


Բացի այդ, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենք նման քննարկման հրավեր չեն ստացել։ «Մենք կոնկրետ որևէ օրակարգով որևէ քննարկման հրավեր չենք ստացել»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իր հայտարարությունից բացի, չի պատրաստվում զբաղվել հրավերներ ուղարկելով, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Երբ որ կլինի հրավեր, այդ ժամանակ էլ կքննարկենք, ես որպես խոսնակ այդ ժամանակ սիրով կտեղեկացնեմ, որևէ որոշման մասին, որը կուսակցությունը կկայացնի, բայց կրկնում եմ հայաստանցիների համար այլևս երկրորդական է պարզապես քննարկումները, մարդիկ սպասում են կոնկրետ գործողություների»։