ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է կրճատել օտարերկրյա հատկացոմների չափը. ամերիկահայերը կոչով դիմել են օրենսդիրներին
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի ստորին պալատն է) Պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովն առաջարկել է 2014թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում կրճատումներ կատարել և նվազեցնել այլ երկրներին հատկացվելիք օգնության չափը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2014թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը Ենթահանձնաժողով ներկայացրել էր 2013թ. ապրիլին: Փաստաթղթում, ինչպեսև նախորդ տարիներին, նախատեսվում էր օգնություն նաև Հայաստանի համար: ԱՄՆ-ի նախագահը, մասնավորապես, Կոնգրեսին առաջարկել էր 2014 թ-ին Հայաստանին տրամադրել մոտ 31 մլն ամերիկյան դոլար օգնություն: 2014թ. բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին խոսք չկար, սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (ՄԶԳ) վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին տարեկան 2 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրում... Շաբաթներ անց ամերիկացի 20-ից ավելի կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մայքլ Գրիմի գլխավորությամբ, նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին և կոչ արել ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը՝ համապատասխանաբար դարձնելով 50 միլիոն և 5 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Armenian National Committee of America, ANCA), Պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովն Արտաքին հատկացումների հաձնաժողովին առաջարկում է ընդհանուր առմամբ 20 տոկոսով կրճատել 2014թ. օտարերկրյա ֆինանսական հատկացումները: Թե այդ առաջարկը որքանով կնվազեցնի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը, դեռևս հայտնի չէ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, սակայն, ամերիկահայերին հորդորում է կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող օրենսդիրների հետ և նրանց հորդորել առարկել ենթահանձնաժողովի առաջարկին:
«Քանի որ Կոնգրեսը քննարկում է այլ երկրներին հատկացվող օգնության ծրագրում աննախադեպ կրճատումներ կատարելու հարցը, մեր ամերիկահայ ընտրողները պետք է տեղյակ պահեն Ներկայացուցիչների պալատում և Սենատում իրենց օրենսդիրներին, թե Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նախագծերը որքան կենսական դեր են խաղում ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածշարջանում ամերիկյան շահերը խթանելու համար,-հայտարարել է հայ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը և ավելացրել,-Եթե Դուք դեռ այդ մասին տեղյակ չեք պահել Ձեր կոնգրեսականին, արեք դա այսօր: Եթե արդեն տեղյակ եք պահել, մեկ անգամ էլ տեղեկացրեք: Համոզվեք, որ նրանք գիտեն Ձեր տեսակետի մասին»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը հավելում է, որ Արտաքին հատկացումների հանձնաժողովն Արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի առաջարկը քննարկելու է չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, իսկ Սենատի Օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովը՝ հուլիսի 23-ին:
Եվ այսպես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերն ամերիկացի օրենսդիրներին հորդորում են քայլեր ձեռնարկել, որպեսզի՝
1. 2014թ. բյուջեով Հայաստանին հատկացվի առնվազն 50 միլիոն դոլար օգնություն:
2. 2014թ. բյուջեով Լեռնային Ղարաբաղին հատկացվի առնվազն 5 մլն դոլար օգնություն:
3. 2014թ. բյուջեով Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնության առնվազն տասը տոկոսն ուղղվի Ջավախքում (Պատմական Հայաստանի Ջավախք գավառն է, որն այժմ գտնվում է Վրաստանի կազմում-Tert.am) աշխատատեղերի ստեղծմանը:
4. 2014թ. բյուջեով դրամական միջոցներ հատկացվեն մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող քաղաքական ճգնաժամի հետևանքով տուժած հայերի և այլ քրիստոնյաների վերաբնակեցման, ինչպես նաև նրանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
5. Խստացվի 1992թ. Ներկայացուցիչների պալատի ընդունած 907 բանաձևը, որն ԱՄՆ-ի կառավարությանն արգելում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել Հայաստանի տնտեսական շրջափակումը (2002թ-ին բանաձևում կատարվել էին փոփոխություններ, որոնց համաձայն՝ ԱՄՆ կառավարությունն իրավունք էր ստացել օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե դա չի օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակվելու համար, չի վտանգելու ԼՂ հարցի կարգավորումը և օգտագործվելու է Ադրբեջանի սահմանների պաշտպանության համար):
6. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում ներգրավվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:
Լուսանկարում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները










