Բուլղարիայում պատգամավորներն ու նախարարները դուրս են բերվել շրջափակված խորհրդարանի շենքից

09:25 • 24.07.13

Բուլղարացի ոստիկաններին հաջողվել է խորհրդարանի շենքի առաջ կազմակերպված հակակառավարական ցույցերի հետևանքով շրջափակման մեջ հայտնված շենքի մուտքը մաքրել ու դուրս բերել պատգամավորներին և նախարարներին։

 
Ինչպես հայտնում է Лента-ն, հղում կատարելով The Sofia Globe-ին, խորհրդարանի մուտքը բացելու համար ներգրավվել են հարյուրավոր զինվորականներ, բուլդոզեր, որպեսզի հանվեն ցուցարարների կողմից տեղադրված բարիկադները։ Այժմ խորհրդարանի շենքում շարունակում են մնալ իշխող կուսակցության որոշ անդամներ ու լրագրողներ։

 

Հայտնի է նաև, որ բազմաթիվ ցուցարարներ վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ բախումների ժամանակ։

 
Մի քանի հազար հոգուց բաղկացած ամբոխը խորհրդարանի մուտքը արգելափակել էր հուլիսի 23-ի երեկոյան։ Հակակառավարական ցույցերը Բուլղարիայում շարունակվում են հուլիսի կեսերից, երբ Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում է նշանակվել մեդիամագնատ Դելյան Պեևսկին։