20 համարի ավտոբուսների վարոդները գործադուլ են հայտարարել, միայն 6 վարորդ են դուրս եկել աշխատանքի (տեսանյութ)
Ավանից եկող 20 համարի ավտոբուսների վարորդներից միայն 6-ն են այսօր համաձայնվել վարորդների սպասարկել ուղևորներին, մնացածները գործադուլ են հայտարարել, քանի որ ուղևորների մեծ մասը հրաժարվում են վճարել 150 դրամ։
Մեր այցի ժամանակ բողոքող վարորդներն արդեն տուն էին գնացել և ստիպված խոսեցինք աշխատող վարորդների հետ, ովքեր, թեև համաձայն էին մյուս վարորդների հետ, բայց չաշխատել չէին կարող, քանի որ տունը հաց պետք է հասցնեին։
«Չէ նորմալ չենք քշում, վեց ավտոբուս է մենակ աշխատում»,- դժվարությամբ խոսում էր վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ Նա նշեց, որ ինքը չի միացել, քանի որ աշխատել է ուզում։
«Աղջի՛կ ջան, դուք աշխատում եք չէ՞, ես էլ եմ ուզում աշխատեմ, չեմ ուզում գործադուլ անեմ»,- պատճառաբանեց նա, թեև մեր հարցին ի պատասխան՝ արդյոք վնասո՞վ եք աշխատում, վրա բերեց. «Վնասով է, բա ի՞նչ»։
20 համարի ավտոբուսի վարորդ Ներսես Ավագյանն էլ բացատրեց, որ վարորդները ոչ այդքան 100 դրամ վճարողներից են բարկացած, որքան նրանից, որ այլևս չեն կարողանում աշխատել նման պայմաններում, երբ իրենց բոլոր կողմերից մեղադրում են և սկսում քննարկել որոշումը։
«Չեն աշխատում, որովհետև ուղևորները փողը շպրտում են մեր երեսին։ 100-ի համար մենք բան չենք ասում՝ ով ինչքան վճարում է, բայց մենք արդեն պլանը թանկացրածով ենք դուրս եկել աշխատանքի։ Բա որ ժողովրդին կոտորես՝ ի՞նչ կլինի։ Լարված ենք շատ, շեղում են, խոսում են, խանգարում են քշելուց, ինչքա՞ն կարելի ա»,- նշեց նա։
Հարցին, թե ինչքա՞ն են ավելացրել «պլանը», պատասխանեց. «Հա՛, բայց աշխատավարձն էլ են ավելացրել։ Օրական պլանը 30 000 էր, 42 000 են դարձրել»,- ասաց նա և նշեց, որ պլանը, եթե ուղևորները 150 են վճարում, հանում են, եթե չէ՝ չէ։
Հարցին, թե ավելացրած ուղեվարձը վարորդներին ձեռնտու՞ է, պատասխանեց. «Ես կուզեմ ձրի լինի, թող ոնց ուզում են՝ վճարեն մեզ, բայց որ էդ ա՝ ի՞նչ անենք»,- ասաց նա և նշեց, թե գործադուլ անելով չի լուծվի հարցը, քանի որ իրենք պետք է աշխատեն։










