Վրաստանում համաճարակի եզրին գտնվող հեպատիտ C-ն Հայաստանին չի սպառնում. ԱՆ
Քանի որ հեպատիտ C-ն հիվանդություն է, որով վարակվելը հնարավոր է այն ճանապարհով, ինչ-որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, ապա այն, որ Վրաստանը գտնվում է այս հիվանդության համաճարակի եզրին, մեր երկրի համար վտանգ չի ներկայացնում, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության վարակիչ և վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։
«Դա հիվանդություն է, որը փոխանցվում է միայն արյան և սեռական ճանապարհով: Այնպես որ, դա այն վտանգը չէ, օրինակ՝ կարմրուկի դեպքում դա ռեալ վտանգ էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ Грузия Օnline պարբերականի պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում հեպատիտ C-ի ծավալները ռեկորդային ցուցանիշի են հասել. գրանցված է 200 հազար դեպք, և ամեն օր գրանցվում է հիվանդության 2000 նոր դեպք։
Ամեն դեպքում, որևէ մեկը չի կարող բացառել, որ Վրաստան մեկնած հազարավոր երիտասարդ մարդկանց մի մասը Վրաստանում սեռական հարաբերություններ չի ունենա: Այս հարցին, ի պատասխան՝ բժշկուհին նկատեց.«Նույն հաջողությամբ ՌԴ-ում է, Ուկրաինայում է, ԱՄՆ-ում է»:
Լիլիթ Ավետիսյանը նաև ավելացրեց, որ վրացական այդ պարբերականը պաշտոնական կայք չէ և որ «պաշտոնական տեղեկատվությունը որևէ նման հրապարակված տվյալ չունի»:
Հիշեցնենք, որ այս տարի նախարարությունը լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ, և հայտնաբերել նաև սանիտարական օրենսդրության մի շարք պահանջների խախտումներ, որոնցից առավել հաճախ արձանագրվել է ախտահանման սարքերի, բժշկական գործիքների օգտագործման և պահման կարգի, աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկելու և այլ խախտումներ:
«Նախ, սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները կարող են լինել տարբեր, սկսած բուժհաստատության դիմած մարդու չգրանցումից, ընդհուպ ավելի լուրջ խախտումներ: Իսկ ինչո՞ւ չենք ասում, որ դա կարող է լինել օրինակ՝ «տատու» անելուց»,- ասաց բժշկուհին:
Ի պատասխան հարցի, թե որքա՞ն են Հայաստանում հեպատիտ C-ով հիվանդները ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ անգիր տվյալները չի կարող հիշել, սակայն նշեց, որ համեմատած մյուս երկրների հետ քիչ են:
«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում ևս այս հիվանդությունը բավականին տարածված է: Tert.am –ին հետ զրույցում ՀԿ–ի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունից իրենց գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հեպատիտ C-ի վիճակագրություն Հայաստանում առկա չէ, սակայն այսուհետ կարվի:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ հեպատիտ C-ի նկատմամբ հետազոտություն անցած ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում հայտնաբերված դեպքերի արձանագրությունը 2013թ. երկրորդ եռամսյակի համար հետևյալն է. իմունոֆերմենտային հետազոտություն անցած 56 մարդուց հեպատիտ C արձանագրվել է 12,5%–ի մոտ, ՊՇՌ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտություն անցած 30 մարդուց այն հայտնաբերվել է 20%–ի մոտ:
Ըստ Грузия Օnline–ի՝ Վրաստանում չկա պետական ծրագիր՝ հիվանդության ախտորոշման և բուժման համար, իսկ բուժումը շատ թանկ է: Մինչդեռ ըստ Անահիտ Հարությունյանի՝ Հայաստանում բուժման կուրսը շատ ավելի թանկ է, քան Վրաստանում:
«Ռադիկալ բուժում ապահովող տարեկան կուրսը 16 000 դոլարից ավել է, և պատահական չէ, որ մեզ դիմած մարդկանցից ընդամենը 3-4 հոգի են կարողացել իրենց միջոցներով բուժվել»,- ասաց նա:
Բուժման համար դեղամիջոցներ ներմուծող միակ կազմակերպությունը «Հոֆֆման-Լյա Ռոշե»-ի հայաստանյան ներկայացուցչությունն է: Ի դեպ, վճարովի են նաև հետազոտությունները, և հեպատիտ C-ի միայն հակամարմինների նկատմամբ հետազոտությունը արժե 12 500 դրամ:
«Եվ հետո Վրաստանում պետությունը ինչ-որ խմբերի համար ֆինանսավորում է, անվճար է անում և անվճար լինելով հանդերձ, երկիրն էլ համապատասխան դեղորայքը ստանում է շատ ավելի ցածր գներով, քան ներմուծվում է Հայաստանում: Ասեմ նաև, որ Եգիպտոսում այն բուժումը, որ Հայաստանում արժե 16 000 հազար դոլար, 2000 դոլար է»,- ասաց Անահիտ Հարությունյանը։
Նշենք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ երթով կգնան դեպի «Հոֆֆման-Լյա Ռոշե «ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ, որտեղ կներկայացնեն պահանջ` վերանայելու հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը:
Հավելենք, որ doctors.am–ում ներկայացված է Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը, որը կատարվել է քրոնիկական վիրուսային C հեպատիտով 116 մարդկանց տվյալների հիման վրա: Եզրակացվել է, որ հայազգի բնակչության շրջանում հայտնաբերված 1b (36%) և 3a (37%) գենոտիպերի գերակշռումը պատահական չէ և, ընդհանուր առմամբ, բնորոշ է տվյալ տարածաշրջանին: Իսկ Հայաստանում 3 և 1a (5%) ենթատիպերով վարակվածությունը կապված է ներերակային թմրանյութերի օգտագործման հետ:










