Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած «Կամազի» սեփականատիրոջ դեմ կարող են քրեական գործ հարուցել

19:58 • 24.07.13

Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան համար կասկածվող վարորդ Հրաչյա Հարությունյանի գործում կարող են նոր անուններ հայտնվել, հայտնում է Gazeta.ru-ն: Հնարավոր է քրգործ հարուցվի նաև ողբերգական ՃՏՊ-ի «Կամազի» սեփականատիրոջ դեմ:

 

Սակայն մեքենայի տերերը 2 անձինք են. փաստացի մեքենան պատկանում է ոմն Մովսեմ Մայիլյանի, սակայն պաշտոնապես գրանցված է նրա բարեկամ Գարիկ Գրիգորյանցի անունով: Մայիլյանն իր բարեկամի անունով է գրանցել մեքենան, քանի որ ՌԴ քաղաքացիություն չունի:

 

Այս մասին աղբյուրին հայտնել է Հարությունյանի փաստաբան Մալցևը: Նա մասնավորապես նշել է, որ կարող է մեղադրանք ներկայացվել այնպիսի ծառայությունների տրամադրման համար, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին:


Փաստաբանն ասել է, որ քննիչները համապատասխան տվյալներ ունեն, սակայն հետաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակում: Ըստ նրա՝ քննիչները նաև չեն կողմնորոշվել, թե մեքենայի տերերից ում ավելի շատ հարցեր ունեն:
Հարությունյանը վթարից հետո նշել էր, որ արգելակները չեն գործել:


Ռուսական դատարանի որոշմամբ Հարությունյանը ձերբակալված կմնա մինչև սեպտեմբերի 13-ը: