Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը դադարեցնում է իր աշխատանքը, մինչև տրանսպորտի գինը չդառնա 100 դրամ

11:55 • 24.07.13

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը դադարեցնում է իր աշխատանքը այնքան ժամանակ, մինչև տրանսպորտի գինը նորից չդառնա 100 դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միության նախագահ Մանուկ Նիգոյանը: Նա հորդորեց իրենց միանալ Հայաստանում գործող բոլոր միություններին ու հասարակական կազմակերպություններին:


«Մենք պետք է ապացուցենք, որ հասարակության կողքին ենք: Ի՞նչ արվեստի մասին է խոսքը, եթե իշխանությունը անօրինական որոշումներ է կայացրել: Հիսուն դրամ թանկացնելու ոչ մի առիթ չի եղել: Ըստ հաշվարկների չթանկացման դեպքում անգամ, միևնույնն է երթուղայիններին դարձյալ հարմար կլիներ»,- ասաց նա:


Մանուկ Նիգոյանը նշեց, որ ինքը մյուս երիտասարդների հետ ամեն օր լինելու է կանգառներում ու կոչ անելու բոլորին վճարել 100 դրամ:


«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ ոչխարի տեղ դնեն: Ես վատ եմ վերաբերում այն մարդկանց, ովքեր 150 դրամ են վճարում: Ես սովից չեմ մեռնի, որ վճարեմ, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց համար դա մեծ գումար է»,- ասաց նա և հարց տվեց, թե ուր են Գրողների միությունը, Նկարիչների միությունը և ընդհանրապես մտավորականները:


«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ նշեց, որ իրենք ներկայումս աշխատում են վարորդների հետ գործադուլ հասունացնելու համար:


«Եթե այսպես շարունակվի շատ կարճ ժամանակում ունենալու ենք մի պատկեր, երբ վարորդների շարքերը կսկսեն նոսրանալ և շատերը կարտագաղթեն երկրից»,- ասաց նա։

«Մերոնք միշտ գերշահույթով են աշխատել հարյուր դրամի դեպքում էլ, բայց թանկացնելով ոչինչ չի փոխվում: Նույն փնթի վարորդներն են, որոնք ծխում են, լցնում տրանսպորտը, մարդկանց վրա գոռգոռում: Արցախում, որտեղ տրանսպորտի գինը 70 դրամ է, երբեք կանգնած մարդ չես տեսնի, վարորդները կոկիկ հագնված են, չեն ծխում»,- իր միտքը շարունակեց նա ու հավելեց, որ իրենք դրսում բողոքի ակցիաներ կազմակերպող երիտասարդներին իրավական ուղղություն են ցույց տալիս: