Տրանսպորտը թանկացնելը հակասոցիալական և հակաիրավական որոշում էր. «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն (լուսանկարներ)
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր արդեն հինգերորդ օրն է պայքարում են մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելու քաղաքապետարանի որոշման դեմ և պահանջում, որ բնակիչները վճարեն 100 դրամ, այսօր Մաշտոցի պուրակում հայտարարեցին, որ այսուհետ իրենց անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական որոշմանը, այլև հակաիրավական որոշմանը։
«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս , Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության Սահմանդրության սկզբունքները և առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով հայտարարում ենք. մենք չենք ընդունում քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը։ Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանդրության առաջին հոդվածը, ըստ որի ՀՀ-ն սոցիալական պետություն է։ Այն նպաստում է սոցիալական անարդարության խորացումը»,- հայտարարեց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանը։
Ըստ նրա, այս որոշումով Երևանի քաղաքապետարանը նաև խախտել է իր իսկ որդեգրած սկզբունքը՝ հանրությանը մասնակից դարձնել որոշումների կայացմանը։
«Հանրային քննարկումներ չեն արվել, տեղեկությունը տարածվել է որոշման ուժի մեջ մտնելուց 2 օր առաջ։ Բացի այդ չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերը, վարորդներ, ուղևորներ, խոցելի սոցիալական խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն։ Քանի որ այս որոշումը ընդունվել է առանց շահագրգիռ կողմերի և հանրության իրական մասնակցության, մենք չենք վստահում ուղեվարձի գնի բարձրացման հաշվարկներին և համարում ենք, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը հանրային շահին ծառայելուն ուղղված իր ամենահիմնական գործառույթը»,- նշեց նա։
Ավելին, Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ 150 դրամ փոխադրավարձ վճարելու մասին պահանջը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել։
«Քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ մտել։ Ուստի քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել 150 դրամ։ Հազարավոր մարդիկ ովքեր վճարել են 150 դրամ խաբված են։ Այսուհետ իրենց անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական որոշմանը, այլև հակաիրավական որոշմանը»,-նշեց նա։
Ակտիվիստը նաև ավելացրեց, որ հաշվի առնելով այդ ամենը՝ պահանջում են անհապաղ դադարեցնել մարդկանցից խաբեությամբ 150 դրամ վերցնելը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց և պաշտոնյաններին, ովքեր ներգրավված են եղել այս կեղծիքի իրականացման մեջ։
«Սկսած քաղաքապետերից, տրանսպորտի վարչության բոլոր աշխատակիցները և տնտեսվարողները, գծատերերը։ Մենք համոզվել ենք, որ Տարոն Մարգարյանը արդեն որերորդ անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում քաղաքի իրական կառավարումը»,- նշեց նա։
Ռուզաննա Գրիգորյանը քաղաքապետին հիշեցնում է. «Վարորդները աշխատում են ավելի քան ութ ժամ, կարգավորված չեն նրանց հանգստի և արձակուրդի հարցերը, ակնհայտորեն նրանք շահագործվում են գծատերերի կողմից՝ ապահովելով նրանց գերշահույթը»։
Բացի այդ, նա մեջբերեց երեկ «Հետքում» հրապարկված տրանսպորտի ոլորտում աշխատող պաշտոնյանների անունները, որոնց պատկանող ընկերությունները ունեն երթուղիներ։
«Այսինքն՝ բոլոր պաշտոնյաները գծատերեր են, օրինակ՝ Հենրիկ Նավասարդյանը, Գագիկ Բեգլարյանը։ Նաև շրջանառվում են լուրեր ըստ որի՝ երթուղիներ ունեն Տարոն Մարգարյանը և իր աներձագը, կաթողիկոսը, Գալուստ Սահակյանը, մի շարք մականունավոր պատգամավորներ՝ Լֆիկ Սամո, Ծաղիկ Ռուբո, Թոխմախի Մհեր, Նեմեց Ռուբո, սա նշանակում է, որ քաղաքական գործիչների որոշումները պայմանավորված են բացառապես իրենց շահերով»,– ասաց նա։
«Նրանց պահանջները մի քանիսն են՝ հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել Երևանի քաղաքապետարանի կառավարմանը, սահմանել խիստ հսկողություն, պահանջել արժանապատիվ, որակյալ, անվտանգ քաղաքակիրթ ծառայություններ, պահանջում են հրապարկել հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը և այլն»,- նշեց Ռուզաննա Գրիգորյանը։










