Ես որևէ խոստովանություն չեմ արել. Վարդան Օսկանյանը՝ ԱԱԾ–ի հաղորդագրության մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում իր նկատմամբ «փողերի լվացման» գործով հարուցված քրեական գործի կարճման կապակցությամբ գրել է.
«Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված «Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար: Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել»:
Հիշեցնենք, որ քրեական գործը կարճելու կապակցությամբ ԱԱԾ՝ այսօր տարածած հայտարարության մեջ Օսկանյանը ասել էր. «Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Սիվիլիթասի համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար»:
Միաժամանակ, Վարդան Օսկանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը:
Ըստ Վարդան Օսկանյանի՝ ԱԱԾ-ի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճել:
Վարդան Օսկանյանը նաև հավելել է.
«Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:
Վերջապես ավարտվեց իմ դեմ սկսած և ավելի քան մեկ տարի տևած անհեթեթ հետապնդումը»; «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները Վարդան Օսկանյանը թողնում է հանրությանը»։










