67 համարի երթուղայինի դանակահարված վարորդը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում (թարմացված, տեսանյութ)
Երևանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ (Ռոսիա տոնավաճառ) դանակահարության դեպք է տեղի ունեցել։
Ըստ ԳԱԼԱ-ի տարածած նախնական տեղեկությունների՝ դանակահարել են 67 երթուղայինի վարորդին և տեղափոխել հիվանդանոց։
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության Լրատվության վարչությունից։ Ըստ նախնական վարկածի՝ վարորդի և ուղևորի միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո ուղևորը դանակահարել է վարորդին և հեռացել անհայտ ուղղությամբ։
Վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
16.24
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընունարանից, ասացին, որ վարորդին տեղափոխել են վիրահատարան։ Վերակենդանացման բաժանմունքից հրաժարվեցին հեռախոսով տեղեկություններ տրամադրել։
17.50
Tert.am–ի լրագրողը հիվանդանոցից հայտնում է, որ դանակահարված վարորդը 1980թ. ծնված Ալեքսան Ղազարյանն է, ում այս պահին վիրահատում են։
17.26
67 համարի երթուղայինի դանակահարված վարորդը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
Լրագրողների հետ զրույցում Ալեքսան Ղազարյանին վիրահատած պլաստիկ և միկրովիրաբույժ Էդգար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։
«Հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է ու ամեն ինչ հանգիստ է ու նորմալ: Հետազոտվել է ամբողջությամբ և լուրջ խնդիրներ չի հայտնաբերվել: Միայն ձախ բազկի վերին երրորդական հատվածում հայտնաբերվել է մեկ կտրած-ծակած վերք, որտեղից առկա էր արյունահոսություն: Այս կապակցությամբ հիվանդը շտապ տարվել է վիրահատարան և կատարվել միջամտություն: Կատարվել է վնասված անոթների կապում: Մկանային համակարգը նույնպես վնասված է եղել, և վերքը ամբողջությամբ վերականգնվել է»,- ասաց նա:
Բժիշկը նաև տեղեկացրեց, որ վարորդին վիրահատությունից հետո տեղափոխել են հիվանդասենյակ:
Հարցին, թե որքան ժամանակ հիվանդը կմնա բժշկական կենտրոնում, բժիշկն ասաց, որ դա պարզ կլինի վաղը՝ կապված նրա առողջական վիճակից:
«Ամենայն հավանականությամբ, մեկ-երկու օրից դուրս կգրվի, եթե ոչ մի խնդիրներ չառաջանան»,- ասաց նա և տեղեկացրեց, որ հիվանդը իրենց մոտ է բերվել գիտակցությունը տեղը, սակայն մեծ քանակությամբ արյուն կորցրած:










