Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը՝ հանուն հիվանդ երեխայի
ԱՄՆ նախկին նախագահ, 89-ամյա Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press-ի հղումով, նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քաղաքական գործիչն այդ քայլին գնացել է ի նշան համերաշխության՝ երեխայի հետ, ով ավշային սպիտակարյունությամբ է տառապում։
Խոսքը ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակցի երկամյա որդու մասին է։ Պատրիկ անունով տղայի մազերը թափվել են՝ քիմիաթերապիայի հետևանքով։
Բուշի շրջապատից Գաղտնի ծառայության մի քանի գործակալներ սափրել են գլուխները, որպեսզի աջակցեն իրենց գործընկերոջը՝ հիվանդ երեխայի հորը։ Դա տեսնելով՝ նախկին նախագահը ևս որոշել է նույն քայլին դիմել։
Փոքրիկ Պատրիկին օգնելու համար կայք է ստեղծվել։
Ջորջ Բուշ ավագը և նրա կինը՝ Բարբարան, 60 տարի առաջ կորցրել են իրենց երկրորդ երեխային. Ռոբին Բուշը մահացել է 4 տարեկանում՝ նույն հիվանդությունից։










