Միջքաղաքային 170 երթուղիներից կթանկանան 7-8-ը. Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի միջքաղաքային 170 երթուղիներից առավելագույնը 7-8-ի ուղեվարձի սակագնային փոփոխություն լինի՝ առավելագույնը 10-12%-ով: Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Միջքաղաքային երթուղիների սեփականատերերի հետ բանակցությունները շարունակվում են: Եթե կարողանանք այնպես անել, որ միայն 7-ից 8-ում բարձրանան սակագները, ապա բավական լավ կլինի: Մոտ 160 երթուղի հաստատ չի թանկանա, որը ի օգուտ ժողովրդի է»,- ասաց նա:
Գագիկ Բեգլարյանը 7-8 այս երթուղիների թանկացման պատճառը բացատրեց նրանով, որ մրցույթին մասնակցելուց և հաղթելուց հետո է միայն պարզ դարձել, որ նրանք սակագինը բարձրացրել են, ինչը նախարարը օրենքի բաց համարեց:
«Բանակցում ենք նրանց հետ, հնարավոր է՝ կարողանանք համոզել չթանկացնեն»,- ասաց նա:
Նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանութուն տալ Երևանի տրանսպորտի թանկացման վերաբերյալ.
«Երևան քաղաքի քաղաքականությունը նախարարությունը չի որոշում»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ինքն էլ է գծատեր, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ մամուլում գրվում էր, որ Համլետ Բեգլարյան անունով գծատերն էլ իր եղբայրն է:
«Ես ունեմ երկու եղբայր, մեկի անունը Հակոբ է, մյուսինը՝ Յուրա, հորեղբոր տղա էլ չունեմ Համլետ Բեգլարյան անունով: Ու ընդհանրապես Բեգլարյան ազգանունը ունեցող մարդը չի նշանակում Գագիկ Բեգլարյանի բարեկամն է»,- ասաց նա:










