Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան տեղափոխվեց քաղաքապետարանի դիմաց (տարբերակ 5, տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ կառավարության շենքի դիմաց կառավարության նիստին զուգահեռ քիչ առաջ մեկնարկել է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա։
«Հար-յուր», «հար-յուր» վանկարկող ցուցարարները պահանջում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
Բողոքող ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Այնտեղ է նաև այսպես կոչված հանրապետական տատիկը, ով անընդհատ բացականչում է՝ «փա՛ռք Սերժ Ազատիչին», ինչը հունից հանում է ակցիայի մասնակիցներին։ Նրանք խնդրում են տատիկին հեռանալ՝ նրան անվանելով «ծախված»։
Այնտեղ է նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը։
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները որոշել են վերադառնալ կանգառներ, և իրենց մշակած օրակարգով կանգառներում շարունակել աշխատանքը։
Որոշման պատճառն այն է, որ նրանք կարծում են, թե կառավարության մոտ ակցիա իրականացնողների մի մասը
հարցն ուզում է քաղաքականացնել։
11.48
Ակտիվիստներին միացան նաև «Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիությունը։ Վերջիններս կոչ արեցին միասին պայքարել բոլորի իրավունքների ոտնահարման դեմ։
«Միայն միասնական ուժերով մենք կարող ենք հասնել նրան, որ Երևան քաղաքում երթուղային տաքսիների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացնելու մասին որոշումն անվավեր ճանաչվի»,- ասված է տարածված կոչում։
Այնտեղ են նաև ազատամարտիկները, ովքեր նստացույց էին անում Ազատության հրապարակում։
11.56
Ակցիայի մասնակիցների մի մասն այժմ երթով շարժվում է քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնելու տորթը, որի վրա 50 դրամ է գրված։
12.18
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան տեղափոխվեց քաղաքապետարանի դիմաց
Ակցիայի մասնակիցներն արդեն Երևանի քաղաքապետարանի մոտ են։ Նրանք հավաստիացնում են, որ տորթը բավական համեղ և անվտանգ է՝ մեջը ելակ, մորի և բանան, իսկ 50 դրամանոցներ չկան։
12.46
Ցուցարարներին չէր հաջողվում համոզել ոստիկաններին, որպեսզի թույլ տան տորթը մտցնել քաղաքապետարանի շենք և հանձնել որևէ մեկին։ Ի վերջո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը վերցրեց այն՝ քաղաքապետարանին հանձնելու համար։










