Մեքսիկայում քաղաքապետ է ընտրվել «հանգուցյալը»

01:25 • 25.07.13

Մեքսիկական Օահակա նահանգում ձերբակալվել է Սան-Ագուստին-Ամատենգո քաղաքի քաղաքապետ ընտրված Լենինգեր Կարբալիդոն, ով մոտ 3 տարի առաջ կեղծել էր իր մահվան վկայականը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:


Ոմն Կարբալիդո հաղթել էր հուլիսի սկզբին կայացած ընտրություններում: Սակայն փաստաթղթերում նշվում էր, որ նա մահացել է դիաբետիկ կոմայից դեռևս 2010 թվականին: Իրականում նա կեղծել էր իր մահը, որպեսզի խուսափի բռնաբարության մեղադրանքով ձերբակալությունից և դատից: Սակայն դա նրան չի խանգարել առաջադրվել քաղաքի քաղաքապետի ընտրություններում և հաղթել՝ հավաքելով ձայների մոտ 50%-ը:


Ընտրական հանձնաժողովին չի հաջողվել գտնել Սան-Ագուստին-Ամատենգոյի նորընտիր քաղաքապետին և հաղթանակի մասին փաստաթղթերը հանձնել է նրա ընտրական թիմին: Նաև տուժել է տեղի քաղաքացիական ակտերի գրանցման ծառայության աշխատակիցը, ով ձերբակալվել է Կարբալիդոյին կեղծ մահվան վկայական տալու համար:


Ներկայումս «համբարձվածը» գտնվում է դատարանում: Ավելի վաղ նահանգի դատախազությունը հայտնել էր, որ անկախ նրանից, թե ինչպես է Կարբալիդոն դարձել քաղաքապետ, այն մտադիր է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: