Սոցապ նախարարությունում դեռ վերլուծում են տրանսպորտի թանկացման ազդեցությունը անապահով խավերի վրա

12:13 • 25.07.13

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ներկայումս վերլուծություններ են արվում՝ պարզելու տրանսպորտի թանկացման ազդեցությունը սոցիալական տարբեր շերտերի վրա: Այս մասին մինչև կառավարության նիստը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:


«Երբ արդեն ունենանք ամփոփ տեղեկատվություն, ձեզ կներկայացնենք»,- ասաց նա:


Հարցին, թե ինչու տրանսպորտի թանկացման հարցից բխող խնդիրների մասին չի բարձրաձայնվում նախարարության կողմից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց.


«Մենք ոչ միայն տրանսպորտի, այլև սակագների բարձրացման հետ կապված իրականացնում ենք վերլուծություններ, ռեալ գնահատականներով պայմանավորված տեղեկությունները կներկայացնենք: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով՝ հարյուր հազար անապահով կա»,- ասաց նա:


Շարունակելով պատասխանել հարցերին՝ նախարարը նշեց, որ ինքը չի պատրաստվում մասնակցել արդեն մի քանի օր մեծ թափ ստացած «free car» ակցիային:


«Յուրաքանչյուրն իր գործն է անում»,- ընդգծեց նա: